Օրեր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը 4 անգամ նվազել է։ Նախարարի փոխանցմամբ՝ 2020 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 5 դեպք, 2019-ի՝ 21 դեպքի համեմատ։
Քրեակատարողական ծառայությունը, Forrights-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ մահվան դեպքերից երկուսը գրանցվել է բուժհաստատությունում, 2-ը՝ հիմնարկում, մեկի դեպքով տեղի է ունեցել ինքնասպանություն։
Ինքնասպանություն կատարած անձը Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնն է, ով ընդամենը մի քանի օր էր տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ և դեռ գտնվում էր կարանտինային խցում։ Կալանավորն ինքնասպան էր եղել խցի ճաղավանդակից կախվելու միջոցով։
«Թվերը ոչինչ չեն ասում, քանի չկա վերլուծություն»
Նախարարը մահացության ցածր թիվը կապում է բուժսպասարկման բարելավման հետ․ «Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է»,- համոզմունք է հայտնում նա։
Բադասյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ազատազրկված անձանց շրջանում COVID-19 ախտորշմամբ մահվան ելքով դեպք չի արձանագրվել․
«ՊՈԱԿ-ի աշխատանքն արդյունավետ գնահատելու մեկ այլ գործոն է բուժօգնության կազմակերպման ձգձգումների բացառումը։ Եթե նախորդ տարիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման և օգնության ուղեգրով բուժօգնության կազմակերպումը տևում էր շաբաթներ, ապա ներկայում տվյալ գործընթացը կազմակերպվում է ընդամենը մեկ օրում, ինչը հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց անխոչընդոտ իրացնել առողջության պահպանման իրավունքը»։
«Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար Արշակ Գասպարյանի կարծիքով՝ նախ պետք է հասկանալ՝ ոչ թե ինչու այսօր ունենք 4 անգամ քիչ մահացության դեպք, այլ թե ինչու 2019-ին ունեցանք 21 մահվան դեպք․
«Թվերը ոչինչ չեն ասում, քանի չկա վերլուծություն, որը պետք է իրականացված լիներ 2019 թվականի դեպքերի առիթվ։ Արդյո՞ք իրականացվել են արդար քննություններ, թե ինչու են այդ մարդիկ մահացել, արդյո՞ք բացահայտվել են, որ մահերը կապ չեն ունեցել բանտային համակարգի հետ։ Պետության նեգատիվ և պոզիտիվ պարտականությունն է այդ անձանց առողջության մասին հոգալ ճիշտ այնպես, ինչպես՝ քաղաքային հիվանդանոցի բժիշկները։ Այստեղ խնդիր այն չէ, թե ինչու մարդիկ մահացան, խնդիրն այն է՝ թե ինչ էր արել պետությունը, որ այդ մարդիկ չմահանային, ինչ գործիքակազմ էին ներդրել կանխարգելելու մահերը»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Արշակ Գասպարյանը։
Իրավապաշտպանը, թեև չի բացառում բուժսպասարկման որակի բարձացման փաստը, սակայն կարծում է, որ դա նվազագույնն է մահերի իրական պատճառների մասով։ Նա վրդովվմունք է հայտնում Քրեակատարողական ծառայության աշխատելաոճի վերաբերյալ, մատնանշելով այն բացերը, որոնք դեռ շատ վաղուց առկան են ՔԿԾ-ում․
«Երբ մենք պարբերաբար բարձրաձայնում ենք մահվան դեպքերի մասին, ծառայությունը մշտապես նույն պաշտոնական հայտարարությունն է անում՝ անձը հիվանդ է մտել ՔԿՀ, քննություն կկատարվի կամ մանրամասներն են ճշտվում։ Ասում են ու այդ խոսքերը մնում են օդում։ Այնինչ, պետք է ծառայողական քննություն իրականացվեր, հետազոտություն կազմվեր, ցույց տրվեր այդ վերլուծություններն ու դրա անհրաժեշտ քայլերը, թե չէ հիմա իրենց ձեռնտու հաշվետվություն են ներկայացնում։ Բայց դա իշխանության շնորհքն ու արդյունավետությունը չէ, մահացության թվի պակասը բացարձակ իրենց որակի հետ կապ չունի։ Լավագույն բանը, որ արել են, երևի ավելի հաճախ են ուղարկել քաղաքացիական հիվանդանոց»:
«Յուրաքանչյուր մահվան դեպքի առթիվ պետք է առանձին պատշաճ քննություն կատարվի և պարզաբանվի դրա հանգամանքները»
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով նախարարի հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ մահացության թվի նվազումը կապված է ոչ թե պատշաճ բուժօգնության, այլ ազատազրկված անձանց ընդհանուր թվի կրճատման հետ։ Իրավապաշտպանը սա թեև դրական հանգամանք է համարում, սակայն ընդգծում է՝ յուրաքանչյուր մահվան դեպքի առթիվ պետք է առանձին պատշաճ քննություն կատարվի և պարզաբանվի դրա հանգամանքները, որ իրենք էլ կարողանան ամբողջական եզրակացություն կազմել համակարգի մասին․
«Տարիներ ի վեր հիմնարկներում մահվան ցուցանիշները փոփոխվել են, այնինչ անգամ մեկ անձ չպետք է անազատության մեջ մահանա, հակառակ դեպքում ո՞ւր կմնա պետության վերահսկողությունը։ Չկա հստակ վիճակագրություն մահվան դեպքերի և դրանց պատճառների մասով, ու քանի դեռ ներքին քննություններ չեն տարվում կամ անարդյունավետ են ավարտվում, անհասկանալի մահացությունների դեպքեր դեռ կլինեն։
Այնինչ մահվան դեպքերի իրական թվի նվազեցման համար պետք է մի քանի փոփոխություն մտցնել օրենքում, վերանայել պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցուցակը և բարելավել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը»,- Forrights-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպանը։
Նշենք, որ խնդրի լուծման համար մշակման փուլում նախարարությունում են քննարկվում մի շարք նախաձեռնություններ, որոնց վերաբերյալ ձևավորված խմբի անդամ է նաև Արշակ Գասպարյանը։ Նրա փոխանցմամբ, մեխանիզմներ են մշակվում ՔԿՀ-ներում մահացության թվերի աճը կանխելու կամ նվազեցնելու ուղղությամբ, որի համար պետք է վերապատրաստվեն նաև համապատասխան մասնագետներ, որոնք կկանխեն անձի ինքնավնասումը կամ ինքնասպանության փորձը․
«Քանի դեռ այս գործիքակազմը չկա, խոսել այն մասին, որ թվերը քչացել են, անտրամաբանական է»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: