Վահան Բադասյանը չի ընդունում մեղադրանքը․ «Այն անհիմն է, նրա դեմ ուղղակի կամ անուղղակի որևէ ապացույց չունեն»

562

Ազատամարտիկ, Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ ուշ գիշերին կալանավորվեց։ Նա ընդամենը ժամեր առաջ էր բերման ենթարկվել Ազգային անվանգության ծառայություն՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին տված հարցազրույցից հետո, որում ասել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու:

Լրագրողի հարցին, թե հեռացնելու ինչ տարբերակներ կան, Բադասյանը պատասխանել էր՝ ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ՝ ֆիզիկապես հեռացնելը․

«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք…Այո՛, նաև զենքի միջոցով։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող Ազգային անվանգության ծառայությունն ինձ ձերբակալի»,- հայտարարել էր Վահան Բադասյանը և նշել, որ ինքը պատրաստ է դա անել։ Կարճ ժամանակ անց՝ ազատամարտիկն արդեն ԱԱԾ-ում էր։

Բադասյանի այս հարցազրույցի համար նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը): Նախկին պատգամավորը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը, ավելին՝ դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում․

«Վահան Բադասյանին մեղադրում են այնպիսի արարքներում, որոնց հետ ինքը բացարձակ կապ չունի։ Մեղադրանքի հիմնավորումը նրա մտքերի մեջբերումն է, այն անհիմն է, ուղղակի կամ անուղղակի որևէ այլ ապացույց չունեն։ Այնինչ իմ պաշտպանյալը չի հայտարարել, թե ցանկանում է իշխանությունը զավթել կամ սահմանադրական կարգ տապալել։ Եթե իրավապահները կարծում են, որ պարոն Բադասյանի խոսքերի մեջ կա հանցավոր երևույթ և այդ խոսքերը սպառնալիք են ուղղված ինչ-որ մեկի դեմ, ապա միայն այդ մասով տեսականորեն կարող էին մեղադրանք առաջադրել, ոչ ավելին»,- Forrights-ի հետ զրույցում նշում է պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Ըստ փաստաբանի՝ փորձ է կատարվել Բադասյանի խոսքերին ինչ-որ բաներ ավելացնել՝ մեղադրանքը հիմնավորելու համար, սակայն չի ստացվել։ Որքան էլ մեղսագրվող արարքը անսպասելի լիներ պաշտպանական կողմի համար, դատարանի որոշումն անակնկալ է եղել։

Նիստը նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը՝ կալանավորման որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Բադասյանը մշտական բնակության վայր չունի։ Այս պարզաբանումը վրդովեցրել է կողմին․

«Իսկ իրենք իրենց հարց չեն տալիս՝ ինչպե՞ս մշտական բնակության վայր ունենա, եթե նրա տունը՝ Հադրութի շրջանը, գտնվում է թշնամու տիրապետության տակ։ Հիմա ով մշտական բնակության վայր չունի, բանտե՞ր պետք է տանեն։ Պարոն Բադասյանը ոչ միայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և այս անհեթեթությունները, այլև շահագրգռված է օբյեկտիվ քննությամբ և պատրաստ ապացուցելու իր պնդումները, որ պատերազմի ընթացքում դավաճանություն է տեղի ունեցել»,- նշում է  Պապիկյանը։

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը՝ հիմքում նշելով այն հանգամանքը, որ Վահան Բադասյանը սահմանադրական կարգը բռնի տապալելուն կամ տարածքային ամբողջականությունը խախտելուն միտված որևէ քայլ չի կատարել․

«Դե, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանի հետ չեն ասոցացնում «տարածքային ամբողջականություն» եզրույթը»։

Ռոզա Վարդանյան