«Որպես Արայիկ Խանդոյանի իրավահաջորդ, ես որևէ կարիք չունեմ ամուսնուս՝ Արայիկ Խանդոյանի համար սույն քրեական գործով հանդես գալ պաշտպանական ճառով։ Սա ճառ է՝ Խանդոյանի բարի համբավի և հեղինակության վերահաստատման մասին կամ ինչպես ինքը՝ Արայիկը կասեր. իրեն պաշտպանվել պետք չէ՝ ինքը հարձակվող է»,- այսօր «Սասնա Ծռեր» դատավարության պաշտպանական ճառում ասաց Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը։
Նշենք, որ քրեական գործով Արայիկ Խանդոյանին առաջադրվել է մեղադրանք «այն բանի համար, որ նա 2016 թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել է իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին»։
Մեղադրանքի կողմը հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կարգավորումներին, մեղադրական ճառով միջնորդել է Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճել։
Ճառի սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվում Խանդոյանի անցած մարտական ուղուն։ Մասնավորապես, նշվեց, որ 1988-1992թթ․ նա թույլ է տվել գրեթե նույն «հանցանքները», ինչը որ մեղսագրված է սույն գործով։
«Նա, խախտելով ԽՍՀՄ և ՀԽՍՀ քրեական օրենսդրությունները, անհատապես և խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, թշնամու կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններով՝ ազատագրել և Հայրենիքին է միացրել շենքեր, շինություններ, տարածքներ և տրանսպորտի (նաև՝ ռազմական) միջոցներ՝ զուգորդված այդ գործողությունները կատարելուն խոչընդոտողներին ոչնչացնելու և վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով գերեվարել և պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց (թշնամիների), ովքեր սպառնալիք են ներկայացրել Հայրենիքի համար և այդ ամենը կատարել է ազատագրվածը և գերեվարվածներին ազատելու պայմանով՝ գաղութային պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով։
Այս «հանցավոր» գործողությունների հետևանքով նրան պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ արժանացել համընդհանուր/համաժողովրդական հավանության, իսկ իշխանությունը զբաղեցրած անձանց կողմից պարգևատրվել բազմաթիվ պարգևներով»,- իր ելույթում նշեց իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։
Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ ֆորմալ առումով քրեական գործը չի վերաբերում Արայիկ Խանդոյանի գործողություններին և արարքին, քանի որ ո՛չ նախաքննությունը, և ո՛չ էլ դատաքննությունը չի անդրադարձել Արայիկ Խանդոյանի արարքի շարժառիթին․
«Խանդոյանի արարքն ապստամբություն էր՝ ուղղված չարիքի դեմ։ Դրա վերացման կամ հաղթահարման հնարավոր բոլոր այլ միջոցները վերացվել էր հենց չարիքի իշխանության կողմից։ Ապստամբության միջոցով Խանդոյանին (նաև մյուսներին) հաջողվեց այդ ժամանակ կանխել չարիքի պլանավորած կործանարար արհավիրքը, որը սակայն իր մարմնավորումն ստացավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով և դավաճանական կապիտուլյացիայի մասին հրադադարի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։Արդյո՞ք գոյություն ունի որևէ ողջամիտ մարդ, ով մտածում է, որ Արայիկ Խանդոյանը նպատակ է ունեցել ապօրինի զենք կրելու միջոցով «պետությանը գործողություններ կատարելուն հարկադրել»։
Ներկայացված ճառում անդրադարձ կատարվեց նաև մեղադրանքին։ Ըստ որի՝ մեղադրողները պնդում են, որ Արայիկ Խանդոյանը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կարող են ներկայացնել, թե ո՞ր հրազենի և/կամ ռազմամթերքի մասին է խոսքը։ Կարո՞ղ են վկայակոչել փաստ առ այն, որ Արայիկ Խանդոյանը ձեռք է բերել հրազեն և/կամ ռազմամթերք, կարո՞ղ են վկայակոչել փաստ առ այն, որ Արայիկ Խանդոյանը պահել է հրազեն և/կամ ռազմամթերք, կարո՞ղ են վկայակոչել փաստ առ այն, որ Արայիկ Խանդոյանը փոխադրել է հրազեն և/կամ ռազմամթերք։ Նույն պատկերն է նաև մյուս մեղադրանքների մասով։
Ճառի վերջում Պապիկյանը ներկայացրեց իր և Խանդոյանի՝ ՔԿՀ-ում տեղի ունեցած խոսակցություններից մի հատված․
«Զոհված/սպանված ոստիկանների վերաբերյալ Արայիկը բառացի ասաց հետևյալը՝ «նրանք իմ ախպերներն էին, իմ միս ու արյունն են, իմ կյանքն էին, ոնց կուզեի, որ էդ գնդակը ինձ կպներ։ Եթե որոշել են մեր վրա դնեն այդ սպանությունները, ուրեմն ես կասեմ, որ իմ վրա դնեն»։
Սույն ճառի միջոցով Արայիկ Խանդոյանի իրավահաջորդը դատարանից ոչինչ չի ակնկալում, այս քրեական գործը չի վերաբերում և չի կարող վերաբերել Արայիկ Խանդոյանին։ Նա քրեական հանցանք չի գործել, որպեսզի ի պաշտպանության Արայիկի ինչ-որ փաստեր կամ խնդրանքներ ներկայացնեն։
Արայիկ Խանդոյանի իրավահաջորդ Անուշ Հայրապետյանը դատարանից պահանջում է վերջ տալ Արայիկի մասին քննություն կոչվող այս ներկայացմանը, և եթե դատարանն իրապես արդարամիտ է, ապա պետք է հանուն Հայաստանի Հանրապետության կայացվող դատավճռի մեջ բառացի նշի՝ «Արայիկ Խանդոյանի վերաբերյալ քննվող գործը շինծու է։ Արայիկ Խանդոյանը ապստամբել է մեր Հայրենիքը կեղեքող, հակամարդ և դավաճան ռեժիմի դեմ։ Մերօրյա Լյուդովիկոս դարձած անձի ռեժիմի հեռացմանն ուղղված ապստամբությունը բնական իրավունք է և Արայիկ Խանդոյանի գործողությունները ցուցված են եղել կյանքի և Հայրենիքի պաշտպանության անհետաձգելի հրամայականով»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: