«Մենք անմիջապես վազեցինք նկուղ։ Փոքրիկները սարսափով լսում էին ռումբերի ու այդ սարսափելի զինատեսակների ձայները։ Նրանք վախենում էին նաև քաղաքացիներին զգուշացնող ազդանշաններից։ Նկուղում երեխաներին խնդրում էի, որ ձայն չհանեն, լույսերը հանգցրել էի, վախենում էի, որ թշնամին կարող է մտնել ներս ․․ Այդ մութ տեղում խաղում էի նրանց հետ, ջանում էի նրանց ուշադրությունը շեղել․․․ Այդ երկու օրերը սարսափելի էին, ստիպված եղանք սեպտեմբերի 29-ին հեռանալ մեր տնից ու ոչինչ չհասցրինք մեզ հետ վերցնել։ Պատերազմը հիմա էլ է մեզ հետապնդում․ երեխաները հիմա էլ են գիշերները վեր թռչում», — ևս մեկ անգամ այդ օրերի սարսափն է վերապրում Իլոնան։ Նա մասնագիտությամբ նկարիչ է և հոգեբան։
Նրանց ընտանիքն այժմ Երևանում է ապրում՝ վարձով: Իլոնայի ամուսինը՝ Արայիկը պատերազմի ընթացքում ոտքի շրջանում վիրավորում ստացած Արայիկն անաշխատունակ է, իսկ Իլոնան, խնամում է մանկահասակ երեխաներին՝ երկամյա Գաբրիելային և երեքամյա Տիգրանին։ Արայիկը դեռ շարունակում է բուժում ստանալ, նրան թույլ են տվել մի քանի օրով տուն գնալ, և նա հիմա վայելում է ընտանեկան ջերմությունը։
«Սեպտեմբերի 27-ին իմ դստեր՝ Գաբրիելայի ծննդյան օրն է։ Նախորդ օրը ես պատրաստություններով էի զբաղվել, տորթ էի թխել, որ փոքրիկի ծնունդը նշենք, բայց պատերազմն ամեն ինչ փշրեց՝ մեր երազանքներն էլ, մեր Արցախն էլ,և ամենակարևորը՝ մեզանից խլեց մեր տղաներին», — Forrights.am-ին պատմում է Իլոնան։
Իլոնան ջանում է իր մասնագիտական կարողությունները գործի դելով աջակցել իր երեխաներին ու ամուսնուն, բայց հաճախ զգում է՝ հենց ինքն էլ ունի հոգեբանական աջակցության կարիք․ հեշտ չէր այդքան բան տեսնելը, հեշտ չէ այդ պատկերները մոռանալը: Դրոնք պարբերաբար հայտնվում են։
Տեղեկանալով պատերազմի մասին մի քանի օրով արձակուրդ եկած ամուսինն անմիջապես հագել է զինվորական համազգեստն ու մեկնել ռազմադաշտ։
Իլոնան ասում է՝ քանի դեռ երեխաները չեն հաղթահարել պատերազմի սարսափները, չի կարող նրանց մանկապարտեզ տանել, նաև աշծատել չի կարող․ հիմա ամենակարևորը երեխաների կողքին լինելն է, հարկավոր է նրանց օգնել մոռանալ այդ ահարկու օրերը։
«Երեխաներին տանջում են ոչ միայն պատերազմի սարսափելի տեսարաններն ու ձայները, այլև մեր տան կարոտը։ Հենց առավոտյան արթնանում ենք, Տիգրանս ասում է՝ ուզում եմ իմ խաղասենյակ գնալ, աղջիկս էլ ասում է՝ արի՛ գնանք մեր հավերին կերակրենք, բայց հետոո շուրջն է նայում ու հիշում՝ հիմա ոչ տուն ունենք, ոչ հավ․․․․ Մենք մեր տարիների աշխատանքից ստացված ֆինանսական միջոցները մեր տան վրա էինք դրել։ Ես ու ամուսինս մեր ձեռքերով ենք մեր տունը կառուցել ու վերանորոգել։ Երբ ամուսինս դիրքերում էր, մի անգամ նույնիսկ ինքս միայնակ մի սենյակը նորոգեցի, ներկեցի։ Քանի որ նկարչուհի եմ, հասկացա, որ այդ գործն էլ կարող եմ անել», — պատմում է Իլոնան:
Նա աշխատել է աշխատել է Շուշիի Մկրտիչ Խանդամիրեանի անվան թատրոնում՝ որպես նկարիչ։
«Ես ու ամուսինս աշխատում էինք, ստեղծում։ Հողամաս էլ ունեինք․․․ չհասցրինք վայելել։ Մենք քրտնաջան աշխատում էինք, տուն շենացնում, որպեսզի մեր երեխաները վայելեն իրենց մանկությունը, բայց նրանք սարսափների միջով են անցնում։ Ապրում ենք վարձով, ունենք սոցիալական խնդիրներ, տունն էլ լավ տաք չէ», — հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է Իլոնան՝ ցույց տալով Շուշիում իրեն տան լուսանկարները։
«Չգիտեմ՝ ինչու պիտի այսպես լիներ։ Մինչև պատերազմը, փառք Աստծո, նորմալ ապրել ենք, աշխատել ենք ու ոչ մի բանի կարիք չենք ունեցել։ Հիմա ինչո՞ւ պիտի այսպես լիներ, ինչո՞ւ մենք պիտի այսօր օգնող ձեռքի նայենք, ինչո՞ւ պիտի սպասենք, որ բարերար գտնվի, տան վարձը տա լամ մյուս ծախսերը հոգա, ինչո՞ւ պիտի այսպես լիներ, չէ՞ որ մենք մեր հայրենիքում խաղաղ արարում ու ապրում էինք», — հարցականներով լի հայացքը դեպի պատուհանը հառած՝ ասում է Իլոնան։
Այսքան ցավ տեսած Իլոնան ու Արայիկն, այնուամենայնիվ, լավատես են․ հույս ունեն, որ պատմական արդարությունը կվերականգնվի ու իրենց տուն կվերադառնան։
«Տիգրանս Ձմեռ պապից ինքնաթիռ էր ուզել։ Ասաց՝ պիտի նստեմ ինքնաթիռ, գնամ, թուրքերին քշեմ մեր տնից», — ասում է Իլոնան։
Նա պատմում է՝ համացանցում անընդհատ փնտրում են լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ կարող են կրկին իրենց հարազատ տունը տեսնել:
«Մեր տունն ու իմ հայրական տունը բավական մոտ են իրար։ Համացանցում մի տեսանյութ տեսա, ադրբեջանցիները մեր տան ճամփով էին անցնում, ձեռքներին էլ պահածոներ, նկատեցի նաև իմ պատրաստած պահածոների բանկաները։ Ես պղպեղը միշտ ձևավոր եմ կտրում, հետո պահածոյացնում, հասկացա՝ իմ պատրաստածն է, սրտիցս արդուն գնաց…Բա էսպես ապրել կլինի՞։ Մեր ամենամեծ ցավը՝ մեր տղաների հերոսանալն է․ այդ ցավի հետ չգիտեմ՝ ոնց ենք ապրում։ Մեր հերոս տղաների զոհվելու հետ ոնց համակերպվենք, մեր հայրենիքի կորստի հետ ո՞նց համակերպվենք», — հարցնում է Իլոնան ու ինքն էլ պատասխանում։
«Էդ հերոս տղերքը ընկան, որ մեր հայրենիքը մեզ մնար, ոչ թե այսպես լիներ։ Մեր լուսավոր տղաների հիշատակը պիտի վառ պահենք, իսկ մեր հայրենիքը, դեռ հույս ունեմ, որ մերը պիտի լինի։ Մենք քրիստոնյա ազգ ենք, մեր հողն էլ է քրիստոնյա։ Այդ հողը չի կարող նրանցը լինել, մեր Շուշին չի կարող նրանցը լինել, մե՛րն է», — վճռական ասում է Իլոնան։
ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: