Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի աճյուն է վերադարձրել.մարմիններն անճանաչելի են

136

Հունվարի 23-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: ԱԻՊԾ-ի փոխանցմամբ` մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում:

2021 թվականի նախորդ օրերի համեմատ երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև երեկ` հունվարի 23-ը, հայտնաբերվել է 1281 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի շրջաններում: