Խորհրդարանը Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ:
ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 89-ը, Ջհանգիրյանին կողմ է քվեարկել 86, դեմ՝ 3 պատգամավոր, Խաչատուրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ:
ԲԴԽ նորընտիր անդամները երդվեցին ու շնորհակալություն հայտնեցին խորհրդարանին վստահության համար:
Դավիթ Խաչատուրյանը իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի: 2016 թվականից Փաստաբանների պալատի անդամ է: 2018 թվականից հանդիսացել է արդարադատության նախարարի հրամանով ստեղծված Դատաիրավական բարեփոխումների 2019-2014թթ. ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամ:
Ջհանգիրյանը 1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, Գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2012 թվականին պատգամավոր է ընտրվել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համապետական ցուցակով:Երկու թեկնածուներին էլ քաղաքական մեծամասնություն էր առաջադրել. ընդդիմադիր խմբակցությունները փակ-գաղտնի քվեարկությանը չեն մասնակցել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: