«Հայրենասիրությունը բառերով չես նկարագրի. երանի աչքերս չտեսնեին այդ քաջերի ընկնելը․․․»

340

ՄՈԲ-ի  (մոբիլիզացիոն)  ուժերի  կազմում Արցախում   իր բաժին կռիվը մղած 50-ամյա Հարություն Հարությունյանն այս օրերին վերականգնողական բուժում է ստանում։ Հոկտեմբերի 9-ին Մարտունիում  նա 16  վնասվածքներ է ստացել․  վնասվել են նրա  երկու ձեռքը, ուսը, ոտքը, որովայնի հատվածը․․․

«Բուժաշխատողները շատ հոգատար են մեր  նկատմամբ։ Պատերազմի մասին խոսելիս ես պիտի կարևորեմ նաև բուժաշխատողների վաստակը։ Բժիշկները հրաշքներ են գործել ոչ միայն ռազմադաշտում, այլև հիվանդանոցներում։ Երբ ես  բուժում էի ստանում Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, Բժշկական համալսարանի ուսանողները կամավոր եկել էին այնտեղ ու գիշեր-ցերեկ մեր կողքին էին,  հոգ էին տանում մեր մասին։ Ես շատ շնորհակալ եմ նրանց», — Forrights.am-ի միջոցով նրանց իր խոսքն է փոխանցում Հարություն Հարությունյանը։

Նա հիշում է նաև վիրավորում ստանալու պահը։

«Թշնամու անօդաչու թռչող սարքը մեզ ֆիքսել էի, և մինչև կհասցնեինք խրամատ մտնել,  ԱԹՍ-ն  արդեն իսկ հարված հասցրեց․․․ Ես շատ ընկերներ եմ կորցրել ռազմադաշտում։ Գիտե՞ք՝ ռազմադաշտում ես շատ ընկերներ ձեռք բերեցի, ավելին՝ եղբայրներ, և  պատկերացնո՞ւմ եք՝  քեզ համար  ամեն  փորձության պատրաստ ընկերդ, որին եղբոր պես ես սիրում, աչքիդ առաջ ընկնում է մարտի դաշտում․․․», —  ասում է Հարություն Հարությունյանը և չի կարողանում խոսքը շարունակել։ Պատերազմի մասին խոսելիս ասես բառերը սառչում են ու դուրս չեն գալիս նրա շուրթերից։ Ասում է՝  ռազմի դաշտում սերը մեկը մյուսի նկատմամբ անսահման էր։

«Մեկս մյուսի նկատմամբ հոգ էինք տանում, մտածում էինք մեկս մյուսի մասին․ ռազմադաշտում  այդ դժոխային պայմաններում սերն անպակաս էր», —  պատմում է նա։

ՄՈԲ  ուժերի կազմում կռվի դաշտ մեկնած Հարություն Հարությունյանը պատմում է՝  հիացած է 18-20 տարեկան   տղաների քաջությամբ, մարտադաշտում նրանց նմանը չկար։

«Մեր բոլոր տղաներն էլ մարտադաշտ էին եկել հաղթելու։  Նրանցից ոչ մեկն էլ պարտվելու չէր եկել։ Այնտեղ խրամատներ կային, որոնց մեջ հող էր լցվել։ Ես զարմացել էի․ մի օրում այնքան խրամատներ փորեցին ընդամենը մեկ բայով։ Տղաների համարձակությունն ու հայրենասիրությունը  երևում էր նրանց ամեն քայլից։ Մեր ջոկատում տարիքով ավագը ես էի․  բայց նայում էի էդ էրեխեքին ու հիանում, ես նրանցից սովորում էի։ Մինչև հիմա մենք կապված ենք, հեռախոսազրույցներ ենք ունենում մարտական ընկերներով․ մեր միջև եղած կապն արդեն ոչ թե ընկերություն է, այլ եղբայրություն», — պատմում է Հարություն Հարությունյանը։

Տեսակցիկի առաջ խոսելիս փոքր-ինչ կաշկանդվում է։ Ասում է՝ հայրենասիրությունը բառերով չես նկարագրի։

«Այն, ինչ ես եմ տեսել, բառերով նկարագրելու չէ։ Ո՜նց էին իրար թև ու թիկունք լինելով, իրար մի բառով կամ առանց բառի հասկանալով՝ կռիվ   մղում, խոցում թշնամու զինտեխնիկան, ո՜նց էին ուրախանում ամեն  դիպուկ զարկից հետո։ Պիտի դարձյալ կրկնեմ, իմ մեջ տպավորվել   է 18-20 տարեկան տղաների մղած պայքարը․ հո տղա՞ չեն, առյո՛ւծ են, առյո՛ւծ։ Երանի աչքերս չտեսնեին այդ քաջերի ընկնելը․․․․ Ոնց պատմեմ, ախր պատմելու բան չէ», — ասում  է մեր քաջերի  սխրանքները  և պատերազմի դաժանությունները տեսած Հարությունը:


Խոսելով վերականգնողական  բուժման ընթացքի մասին, ասում է՝ նկատելի առաջընթաց է տեսնում։ Առաջիկայում նաև պիտի վիրահատվի։ Ռազմադաշտում այնքան սարսափներ ու կորստի  ցավ է տեսել, որ վիրահատության հետ կապված՝ «շատ չի մտածում ու չի նեղվում»։ Ասում է դեռ անելիքներ  ունի, իրենից կախված՝ ամեն բան անելու է՝ օր առաջ կազդուրվելու համար։

«Պիտի շուտ կազդուրվեմ ու դիրքեր վերադառնամ՝ մեր հայրենիքը պաշտպանելու։  Մարտական ընկերներս ինձ են սպասում»։

Հասմիկ Բալեյան