31 ամյա Սիրիահայ բժիշկ Ասպետ Քելխաչերյանը  չորս ամիս առաջ է Հայաստան վերադարձել : Նա հայրենիքում մեկ ամիս խաղաղության մեջ ապրելուց հետո  դարձյալ  հայտնվել է պատերազմի բովում՝ այս անգամ թիկունքում՝ բուժելով մեր քաջերին։ Սիրիահայ բժիշկը մինչ այս, ութ տարի և տասն ամիս պատերազմի մեջ էր Սիրիայում:

Հայրենիք վերադառնալն ու այստեղ մշտական բնակություն հաստատելն իր վաղեմի երազանքն էր և անկախ Հայաստանում ստեղծված ծանր վիճակից՝ չի հեռանալու, շարունակելու է մնալ ու աշխատել հայրենիքում, օգնելու է առողջանալ հայրենիքի պաշտպաններին։

«2011 թվականին  Սիրիայում պարտադիր զինծառայության անցա, հետո  պատերազմ սկսվեց: Առաջին մեկ տարին պատերազմի դաշտում եմ եղել։ Այնուհետև եղել եմ ներքին գործերի նախարարի անձնական ֆիզիոթերապևտը։ Նա ևս պատերազմում պայթյուններից վնասվել էր, իրեն էի բուժում։ Իհարկե, Դամասկոսում այդ ընթացքում նաև այլ հիվանդների էի բուժում, այդ թվում՝ զինվորների», — Forrights.am-ին պատմում է  Ասպետ Քելխաչերյանը։

Շատ դեպքեր են եղել, երբ զգացել է՝ մահն իր կողքով է անցել, գուցե, երջանիկ պատահականությամբ է փրկվել։

«Այստեղ՝ Հայաստանում, գոնե գիտենք՝ ով է թշնամին, իսկ Սիրիայում այդպես  չէր, քանի որ խոսքը քաղաքացիական պատերազմի մասին էր․․․ Մի անգամ, երբ ես հերթական վերականգնողական բուժումն էի իրականացնում, ներքին գործերի նախարարության շենքում, շենքը պայթեցրին։ Կարելի է ասել՝ ես երջանիկ պատահականությամբ ողջ մնացի։ Այդ պահը դաջվել է իմ ուղեղում», — պատմում է   բժիշկը։

Նա զինվորների հետ աշխատելիս որպես պատերազմի բովով անցած մարդ՝ վերականգնողական բուժումն  իրականացնելուն զուգընթաց՝ զրուցում է,  որոշ խորհուրդներ է տալիս մեր  հայրենիքի պաշտպաններին, բայց, միաժամանակ նրանցից  յուրաքանչյուրից ինչ-որ բան սովորում։


«Չորս ամիս առաջ՝ Հայաստան ժամանելուց հետո, եկա Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, երեք շաբաթ որպես կամավոր աշխատեցի այդտեղ, և երբ պատերազմը սկսվեց ու այստեղ զինվորներ եկան բուժվելու, ես արդեն աշխատանքի անցա․ դա մոտ երկու ամիս առաջ էր։ Մեր տղաների մասին՝ պետք է ասեմ՝  նրանք շատ համարձակ են,  հոգեբանորեն ամուր։ Նրանք այնպիսի ուժ ու հավատ ունեն, որ ես ուղղակի ապշում եմ։ Երբ դեռ պատերազմը շարունակվում էր, շատերից եմ  լսել հարցը,  «Ե՞րբ պիտի կազդուրվեմ, որ կրկին վերադառնամ պատերազմի դաշտ»։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որքան ուժ ու հայրենասիրություն պիտի ունենա մարդ, որ նույնիսկ այդպիսի վիճակում ռազմադաշտ վերադառնալու մասին մտածի», -հիացմունքով պատմում է սիրիահայ բժիշկը։

Որպես պատերազմի չարիքները տարիներով տեսած մարդ՝ գիտի՝  որքան էլ մարդ հոգեբանորեն ամուր լինի, այնուամենայնիվ, պատերազմը մարդու մեջ  երբեք չմաքրվող հետքեր է թողում։ Կան տեսարաններ, որոնք այդպես էլ չեն ջնջվում մարդու հիշողությունից, ուստի տղաների հետ զրուցելիս աշխատում է   չանդրադառնալ պատերազմի դաժանություններին,  մարտական ընկերներին կորցնելու ցավոտ պահերին։

«Իհարկե, տղաներին հարցնում եմ՝ երբ են վիրավորվել, ինչպես է եղել այդ դեպքը, բայց հատկապես սեանսների ընթացքում  նրանց հետ փորձում եմ հնարավորինս լավ ու պայծառ բաների մասին խոսել, ապագայի մասին խոսել», —  ասում է  բժիշկը։

Նա պատմում է՝ եղել են դեպքեր,  երբ մեր քաջերը ծանր վնասվածքներ են ունեցել և  իրենց ուժի, շուտ կազդուրվելու ցանկության, վարժությունները պարտաճանաչ կերպով կատարելու շնորհիվ զարմանալիորեն   արագ են   կազդուրվել։

«Մի արցախցի զինվոր կար, ձեռքի ոսկորը կոտրած էր։ Իրոք, դժվարին վիճակում էր գտնվում, բայց ընդամենը 10 սեանսի ընթացքում շատ մեծ փոփոխություններ նկատեցինք։ Մենք էլ էինք զարմացել, ինքն էլ։ Բժիշկներն էլ խոսեցին ինձ հետ, ասում էին՝ ուրախ են, որ ընդամենը 10 սեանսի ընթացքում այդպիսի մեծ փոփոխություն ենք կարողացել գրանցել», — ասում է Ասպետ Քելխաչերյանը։

Ասպետ Քելխաչերյանը հավատում է, որ  ապագան բարեհաճ կլինի մեր հայրենիքի նկատմամբ։ «Փափագում եմ դա, և հույս ունեմ, որ ոչ մի պարագայում ստիպված չեմ լինի վերադառնալ Սիրիա»:


ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest