«Վիրավորում ստանալը համեմատելի չէ այն ցավի հետ, որ զգում ես ընկերներիդ կորցնելիս»

511

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի  ուսանողներ Ինեսսա Շահվերդյանին և Ազնավուր Միքայելյանին հայրենիքի պաշտպաններին  օգնելու, բուժելու ձգտումը բերել է   Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ։ Նրանք դեռ երկրորդ կուրսում են սովորում, բայց աշխատանքի են անցել որպես կամավորներ։

«Ամեն օր աշխատանքի ենք գալիս և մեծ սիրով ու օգնում մեր տղաներին վերականգնողական բուժում ստանալ, — Forrights.am-ի ասում է Ինեսսան՝ հավելելով՝ իրենց բուհից բազմաթիվ ուսանողների է ճանաչում, որոնք որպես կամավոր՝ աշխատում են տարբեր բուժհաստատություններում։ Հայրենիքի պաշտպանների հետ աշխատելը մի տեսակ տարբերվում է մյուսների հետ տարվող աշխատանքից, ասում է Ազնավուրը։

«Գիտե՞ք՝ ես չեմ չափազանցնի, եթե ասեմ՝ տղաներն, իրոք, տարբերվում են մյուսներից․ ավելի կամային են։ Միշտ ասում են՝ ցավին կդիմանանք, միայն թե, շուտ կազդուրվենք ու վերադառնանք ծառայությունը շարունակելու։ Կան տղաներ, որոնք, թեև ծանր վնասվածքներ են ստացել, բայց չեն կոտրվել, ասում են ինչ վարժություն պետք է, կանենք, ինչքան պետք է,  ցավին կդիմանանք, միայն թե, այնպես արեք, որ օր առաջ կազդուրվենք․ պիտի գնանք՝ զինծառությունը շարունակելու»:

Այդ քաջերից մեկը  20-ամյա Մուրադն է։

Ժամկետային զինծառայող Մուրադ Սողայանը, որը մասնակցել է Մատաղիսի և Մարտակերտի մարտերին, հոկտեմբերի 25-ին է վիրավորում ստացել թշնամու արձակած  120մմ ականանետի արկից։ Երկու ոտքերի շրջանում վիրավարում ստանալուց հետո նրան տեղափոխել  են Մարտակերտի հոսպիտալ։  Հիմա Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում Մուրադը շարունակում  է վերականգնողական բուժում ստանալ։

Պատերազմի մասին խոսելիս նա խոժոռվում է։ Ասում է՝  իր՝ վիրավորում ստանալը համեմատելի չեն այն ցավի հետ, որը զգացել է ընկերներին կորցնելիս։  Ֆիզիկական ցավը միշտ ստորադասվում է հոգու ցավի առաջ։ Մուրադը դժվարանում է  ասել, թե ռազմի դաշտում քանի հայորդի  է զոհվել իր աչքի առաջ։

«Նրանք շատ էին, նրանց թիվը հիշել չեմ կարող։ Հերոսները շատ էին», —  հակիրճ պատասխանում է Մուրադը։

Նա դժվարանում  է  շարունակել  խոսել պատերազմի ու իր ընկերների կորստի մասին, այն հայրենի հողերի կորստի մասին, որոնք ինքն ու իր ընկերները արյան ու կյանքի գնով էին պահել․․․

Մուրադն ասում է՝ պատերազմն   իրեն սովորեցրեց գնահատել կյանքն ու դրան նայել  ճիշտ տեսանկյունից։

«Մարդու համար կյանքը թանկ է իր հարազատներով։ Պատերազմի ընթացքում, այո՛, վախ կար, բայց վախը կյանքը կորցնելու վտանգից չէր, այլ հարազատ մարդկանց այլևս չտեսնելու մտքից», — բացատրում է Մուրադը։

Հարցին՝ Դուք հայ զինվորին պարտված համարո՞ւմ եք, Մուրադը վստահորեն, ցասումով, քաջին հատուկ բարկության  տոնով պատասխանում է՝ «Ո՛չ։ Հայ զինվորը հաղթած է   ու մինչ օրս հաղթում է»։

Մուրադի՝ պարտադիր զինծառայության երկու տարին լրացել է հունվարի 10-ին, նա ափսոսում է, որ զինծառայության վերջին մի քանի ամիսը չկարողացավ շարունակել, քանի որ բուժում էր ստանում, ապա հավելում՝ իրավիճակն այսպես մնալ չի կարող․ ինքը կռվել է, տեսել է՝ մեր քաջերն ինչպես են կռվում, հետևաբար վստահ է՝ հայերը կարողանալու են պատմական արդարությունը վերականգնել։

20-ամյա հերոսի աչքերում հիմա միախառնված, ձուլված են  են թախիծը, ցասումն ու հավատը։ Անկախ իր տեսած ցավից ու արհավիրքի օրերում ապրելու փաստից՝   հավատն ապագայի նկատմամբ, ապագան կերտելու տենչը չի սառել 20-ամյա հերոսի մեջ։  Ապաքինվելուց հետո շարունակելու է ուսումը Երևանի պետական համալսարանում և իրականացնելու է  բոլոր այն նպատակները, որոնք ունի և հիշեցնում՝  ինքն ու իր նման բազմաթիվ տղաներ միշտ պատրաստ են  պաշտպանել հայրենիքը:

Հասմիկ Բալեյան