Պատերազմում ԱԹՍ-ի հարվածից երկու թևը կորցրած 27-ամյա Վարազդատն ու 20-ամյա Սոնան օրերս նշանվեցին․ նշանադրությանը մատանին հարսնացուի մատին փեսացուի եղբայրը դրեց։

Սոնան Խաչատրյանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գեղեցկուհի ուսանողուհի է։ Ֆեյսբուքյան օգտատերերը տարածում էին նրանց նշանադրության լուսանկարները, հիանում գեղեցիկ զույգի տոկունությամբ և սիրով, որը հաղթեց պատերազմի բոլոր դժվարություններին։

Վարազդատը մինչև պատերազմը Սոնայի համար մատանի էր գնել, որ սիրո խոստովանություն անի․ պատերազմն իր պլանները հետաձգեց, բայց ի վերջո ամեն ինչ պլանավորվածի նման եղավ՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ դեկտեմբերի 15-ին, Վարազդատը սեր խոստովանեց, իր փոխարեն ընկերուհու մատին այդ ժամանակ ևս մատանին դրեց հարազատ եղբայրը՝ Վարդանը, ում հետ ուս ուսի տված պայքար են մղել ի պաշտպանություն հայրենիքի։

Ծովագյուղցի եղբայրներ՝ Վարազդատն ու Վարդանը ծառայում էին խաղաղապահ զորքերում։ Պատերազմի առաջին օրերից նա՛խ Վարազդատն է մեկնել առաջնագիծ, հետո Վարդանը՝ Կոսովոյում ընդհատելով ծառայությունը, միացել էր եղբորը։ Վարդանը հակառակորդի հրետակոծությունից ոտքի ծանր վիրավորում էր ստացել, նրան դեպի շտապ օգնության մեքենա հասցնելու ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ն արդեն մեքենան է թիրախավորել, հենց այդ հարվածից էլ եղբորն առաջին օգնություն ցույց տվող Վարազդատն է զրկվել թևերից։

Հակառակորդի օդուժի ալիքի հարվածից Վարազդատը կորցրել է երկու ձեռքը: Զրահաբաճկոնի գրպանում՝ սրտին մոտ, զինգրքույկը պաշտպանել է զինծառայողին: Առաջին բուժօգնությամբ փրկել են կյանքը, ապա տեղափոխել Երևան:

Այս մանրամասները Սոնան հետո է իմացել՝ եթերներից, իսկ մինչև այդ գրեթե ամեն օր Արտաշատից Ծովագյուղ է զանգահարել, որ սիրած տղայի ծնողներից լուր իմանա նրա մասին։ Այդ օրերի ապրածն այսօր ժպիտով է հիշում. «Մի քիչ վախ, կարոտ, սեր, բոլորը խառնվել էին իրար, ինչպես նաև վստահություն, ամեն ինչ խառնվել էր իրար ու անընդհատ սպասում էինք զանգի, թե երբ է զանգելու»։

«Որոշել էինք, որ համալսարանն ավարտեմ, բայց որ սենց ստացվեց, սենց էլ եմ գոհ:  Կրկնակի ուժեղ, հպարտ, որ ունենք նման հերոսներ, բոլորի համար էլ մեր սրտերը շատ են ցավում»,- պատմել էր Սոնան։

Բժիշկների հսկողության տակ գտնվող Վարազդատ Սանեյանին ու պատերազմից տուժած մյուս վիրավորներին, տարբեր կարգի պրոթեզավորումների համար պետությունը կվճարի մինչև 2,5 մլն դրամ՝ շուրջ 5000 դոլար։ Վարազդատի ընտանիքը հետաքրքրվել է՝ նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված 2 պրոթեզը՝ որոնք նաև մատներն են շարժում, շուրջ 100 հազար դոլար արժե՝ պետության տրամադրած գումարից 20 անգամ ավելի։

Թևերից զրկված կրտսեր որդու՝ Վարազդատի նշանադրությունն էլ Սանեյանների հարազատների ու ընկերների աջակցությամբ էր կազմակերպվել, զեղչ էր արել նաև հարսանյաց սրահը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest