Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն իշխող «Իմ քայլ»-ը դաշինքի կողմից առաջադրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նման որոշումը պարզաբանում է՝ Ջհանգիրյանին առաջադրել-չառաջադրելու հարցը պայմանավորված է եղել ոլորտում նրա պրոֆեսիոնալ լինելու հանգամանքով․

«Մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ և սա առաջնային դերակատարում է ունեցել: Իհարկե, բոլոր հարցերը, կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների, տարատեսակ դիրքորոշումների հետ, բոլոր այդ հարցերը հնչել են և նա ներկայացրել է սպառիչ պատասխաններ: Լիագումար նիստերի դահլիճում հանրությունը կունենա հնարավորություն բոլոր, այդ թվում՝ Մատաղիսի գործի հետ կապված և բոլոր այլ թեմաներով լսել իր դիտարկումները»,- Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Մակունցը։

«Մարտի 1»-ի գործով դատապարտված, իսկ 10 տարի անց արդարացված Ջհանգիրյանը ևս դեմ չէ իր թեկնածության առաջադրմանը։ Նրա խոսքով՝  ուրախ կլինի Ազգային ժողովի մյուս խմբակցությունները ևս միանան իմքայլականներին։ Նախկին զինդատախազը շեշտում է՝ գործադիր իշխանություն չի գնում, քաղաքական պաշտոն չի ստանձնում կամ քաղաքական որևէ թիմի անդամ դառնում․ այլ գնում է զուտ մասնագիտական աշխատանքի․

«ԲԴԽ-ի մեծ մասն իմ ուսանողներն են, իմ կոլեգաներն են, ես այնտեղ որևէ վատ մթնոլորտ չեմ տեսնում»,- նշում է նա։

Այնինչ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու լուրը, իրավական համակարգում ոչ այնքան դրական ընդունվեց։ Իրավապաշտպանները հիշեցնում են մի շարք աղմկահարույց քրեական գործեր, որոնք «քննվել և կոծկվել են» նրա պաշտոնավարման ընթացքում։ Ամենահիշարժանը, թերևս, «Մատաղիսի գործ»-ն է․ ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողները տարիներ անց անմեղ ճանաչվեցին։ Այդ գործով նաև ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի վճիռ կայացվեց։ Իրենց ազատազրկման համար մինչ օրս նախկին զինդատախազին են մեղադրում նաև մի խումբ ցմահ դատապարտյալներ։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի կարծիքով անհերքելի է այն, որ Ջհանգիրյանը բավականին պրոֆեսիոնալ իրավաբան է և մեծ փորձառություն ունի, սակայն այն ճանապարհը, որով նա անցել է ռազմական դատախազ եղած ժամանակ, չեզոքացնում է բոլոր դրական կողմերը․

«Անթույլատրելի է Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնին։ Մինչ օրս մեզ դիմում են մարդիկ, որոնց գործերի մեջ կարմիր թելով անցնում է նա։ Եվ այս ամենը չտեսնելու տալն ու նախկին զինդատախազին կրկին համակարգի մեջ ներառելը՝ առնվազն անհասկանալի է։ Իշխանությանը պետք են յուրայիններ, ու Ջհանգիրյանը նրանց համար դասվում է այդ շարքերում, այնինչ Փաշինյանն առաջնային պետք է Վարդազարյանին ու վարդազարյանանմաններին հեռացներ համակարգից՝ լուստրիացիա և վեթթինգ իրականացնելով, ապա փորձեր կարգավորել դատաիրավական համակարգը և ոչ կոռումպացված անձանց բերել այդտեղ։ Իսկ ի՞նչ են անում դրա փոխարեն․․․անընդհատ հակակշիռներ են ստեղծում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։

Կարապետյանցի կարծիքով՝ ԲԴԽ-ում դրական տեղաշարժ տեղի կունենա, երբ ներսում ամբողջ ծավալով փոփոխություն լինի։

Բացի այդ, Ջհանգիրյանին այս պաշտոնում նշանակելը, ըստ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի, օրենքի խախտում է։ Նախագահը հղում է անում Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետին, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, ըստ որի՝

-Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:

Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք: Իսկ, ահա, Գագիկ Ջհանգիրյանը ծնվել է 1955 թվականին և 66 տարեկան է, այսինքն՝ 6 տարի մեծ է պահանջվող տարիքային շեմից․

Մակունցը, սակայն, Ջհանգիրյանի առաջադրումն օրենքի խախտում չի համարում։ Ըստ նրա՝ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու համար դատավորների և իրավաբան գիտնականների հանդեպ պահանջները տարբեր են․

«Դատավոր թեկնածուների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրավաբան գիտնականների համար դա չկա: Պատահական չէ, որ տարիներ առաջ նույն այդ հիմքով ընտրվել է դատավոր, որի պարագայում որեւէ խնդիր չի առաջացել: Խոսքը Գագիկ Հարությունյանի մասին է»,- մեկնաբանում է Մակունցը։

Նշենք, որ ըստ որոշ հրապարակումների, Գագիկ Ջհանգիրյանն իշխանությանը խոստացել է դատական համակարգը «բուռը հավաքել»․

«ԲԴԽ-ն կազմված է 10 անդամներից՝ 5 դատավոր և 5 իրավաբան։ Ես ունեմ մեկ ձայն, գնում եմ բո՞ւռս հավաքեմ։ Ես ոչ այդպիսի բան հայտարարել եմ, ոչ էլ՝ ասել»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest