Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել

135

Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են ակցիա` պահանջելով նախարարությունից գաղտնազերծել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Մոսկվայում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպմանը: Հանդիպման և փաստաթղթի ստորագրման մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի հրապարակվել, սակայն որոշ լրատվամիջոցներ հունվարի 7-ի երեկոյան շրջանառեցին տեղեկություն այն մասին, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը՝ իբր ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Բողոքի ակցիայի կազմակերպիչ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հանրությունը պետք է տեղեկանա, թե Փաշինյան-Ալիև հունվարի 11-ի հնարավոր հանդիպմանն ինչ փաստաթուղթ է ստորագրվելու և ինչ դրույթներ են դրանք պարունակում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արդեն հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը:

Թարմացում․ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։

«ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է նա։