«Խոսում էինք պատերազմի, մեր հողերի ու հայրենիքի մասին, մեկ էլ սրտներիցս արյուն էր գնում, երբ մեր տղերքն ընկնում էին․․․»

1225

Պայմանագրային զինծառայող շուշեցի Արայիկ Գաբրիելյանը վերականգնողական բուժում է ստանում Երևանում։ Նա նոյեմբերի 4-ի առավոտյան, Լաչինաձորում վիրավորում է ստացել, մինչ այդ՝ թեժ մարտերի ընթացքում, հասցրել է  թշնամու մի քանի տանկ  խոցել։ Արայիկը բեկորային վնասվածք է ստացել,  վնասվել են  ոտքերը։ տարբեր բուժհաստատություններում բուժում է ստացել, հիմա արդեն ձեռնափայտով կարողանում է քայլել։ Ասում է՝  բուժհաստատություններում, գուցե, շենքային պայմանները անբարվոք են, բայց բուժաշխատողները անչափ հոգատար են։ Արայիկն ասում է՝ հրաշքով է ողջ մնացել։

«Թեժ մարտերի ընթացքում մի պահ փամփուշտը ձեռքիցս ընկավ։ Կռացա, որ վերցնեմ, ու հենց այդ պահին գլխիս վերևով թշնամու փամփուշտն անցավ։ Տղաներն էլ  տեսան ու ապշել էին։ Եթե  իմ փամփուշտը ձեռքիցս վայր չընկներ ու չկռանայի՝ այն վերցնելու, հիմա հաստատ ողջ չէի լինի։ Այդ փամփուշտի վրա խաչ եմ քանդակել ու որդուս տվել։ Քանի որ որդիս փոքր է, կնոջս ասել եմ՝ պի՛նդ պահեք այն, թալիսմանի նման պահե՛ք», — Forrights.am-ին պատմում է Արայիկը։

Նա երկու երեխա ունի․ որդին երեք տարեկան է, դուստրը՝ երկու։ Հիմա Արայիկի կինն ու երեխաները Երևանում վարձով են ապրում, իսկ ինքը դեռ պետք  է վերականգնողական բուժումը շարունակի՝ մասնագետների հսկողության ներքո։ 

«Մի բարերար կա, նա է տան  վարձը տվել։ Չգիտեմ՝ ինչ  է լինելու։ Ո՛չ տուն ու տեղ ունենք, ո՛չ էլ աշխատանունակ եմ, որ  ընտանիքիս պահեմ», —  նեղսրտում է Արայիկը:


Արայիկի հոբբին նկարելն ու քանդակելն է։ Վերականգնողական կենտրում գտնվելու օրերին իր  սիրած աշխատանքով է զբաղվում․ հարազատ Շուշիում գտնվող  Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է նկարել,  նույնիսկ իր ձեռնափայտի վրա  է խաչ քանդակել։

Արայիկն Ապրիլյան պատերազմին ևս  մասնակցել է, ասում է՝  այդ պատերազմից հետո  միշտ  էլ վստահ է եղել, որ թշնամին չի հանդարտվի, դարձյալ լայնամասշտաբ հարձակումներ կսկսի, բայց այդուամենայնիվ, պատերազմը անսպասելիորեն սկսվեց․․․

«Որպես պայմանագրային զինծառայող՝ ես միշտ սպաներին խնդրում էի ինձ  սովորեցնել տարբեր զինտեսակների տիրապետելու հմտությունները, քանի որ  գիտեի՝  թշնամուն ետ մղելու համար ամեն ինչի պետք է պատրաստ լինենք։ Անկեղծորեն եմ ասում՝ պատերազմի օրերին ես չեմ տեսել մեկին, որը փախել է մարտի դաշտից։ Բա 18-20 տարեկան առյուծները,,, Այդ ի՜նչ հերոս երիտասարդներ ունենք․ բառերով ասելու, նկարագրելու բան չէ։ Ամենավտանգավոր տեղերն էլ պատրաստակամորեն գնում էին․ եթե կար մարտական խնդիր, որևէ մեկը ետ չէր կանգնում», — հերոսների սխրանքներն է վերհիշում Արայիկը։

Նրա հայրը մասնակցել է արցախյան պատերազմներին,  երկու անգամ վիրավորում  է  ստացել, այժմ էլ վետերանների միության անդամ է։  Արայիկի համար հայրը  քաջ հայի վառ օրինակ է եղել։

«Պատերազմի օրերին միայն մի բանից էի վախենում․ մտածում էի՝ եթե հանկարծ զոհվեմ, մորս սիրտն այդ ցավին չի դիմանա։ Պատերազմի ժամանակ մարդու միջից վախն էլ է անհետ կորչում․ մենք միայն մտածում էինք մարտնչելու, հայրենի հողը պահելու, մեր ընտանիքը թշնամուց պաշտպանելու  մասին։ Մի երկու բառ փոխանակելու ընթացքում խոսում էինք պատերազմի, մեր հողերի ու հայրենիքի մասին, մեկ էլ սրտներիցս արյուն էր գնում, երբ մեր տղերքն ընկնում էին․․․», — պատմեց Արայիկը։

Շուշեցի Արայիկն ասում է՝ դեռ չի հավատում, որ մեր Շուշին թշնամին զավթել է։

«Ես  դեռ շոկի մեջ եմ, չեմ հավատում, որ Շուշիում գտնվող տունս թշնամուն է հասել։  Միշտ,  անկախ ինձանից,  մտածում եմ, որ երբ վերականգնողական բուժումն ավարտվի, Շուշի եմ վերադառնալու։  Ես  տասը տարի պայմանագրային զինծառայող եմ եղել։ Իմ ու կնոջս ողջ աշխատաքը  ծախսել ենք մեր տան վրա, տունն ենք շենացրել։ Իմ տունն ու հողամասը դեռ մի կողմ, շատ չեմ մտածում  դրանց մասին,  բա մեր Շուշին, մեր եկեղեցիները, մեր խաչքարերը  էլ մերը չե՞ն, ինչպե՞ս կարող են մերը չլինել․․․․ Ես այս մտքի հետ ՛ոչ հաշտվել եմ, ո՛չ էլ կհաշտվեմ։ Ես մեծ հավատ ունեմ, որ դեռ վերադարձնելու ենք այն, ինչը մերն է», —  եզրափակեց  Արայիկը։

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ