Արցախյան պատերազմի մասնակից 44-ամյա Էդուարդ Կիզերյանն այժմ վերականգնողական բուժում է ստանում Երևանի Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։ Նա զինտեխնիկա տեղափոխելիս կրծքավանդակի հատվածում վնասվածքներ է ստացել, այնուհետև թշնամու  հասցրած հարվածներից  բեկորային վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում։

Էդուարդը հիմա դժվարությամբ է քայլում: Նա իրեն ճնշված է զգում, որ ընտանիքի մասին հոգալ չի կարողանում, աշխատունակ չէ, սոցիալական խնդիրներ կան ընտանիքում, իսկ ցավերը տանելի են․ հոգատար բժիշկներն ամեն բան անում են հայրենիքի պաշտպաններին  բուժելու համար։

Ադրբեջանի սանձազերծած ռազմական  գործողությունների մասին լուրը լսելուց անմիջապես հետո՝ սեպտեմբերի 27-ին, Էդուարդը գնացել  է զինկոմիսարիատ, կամավորագրվել ու մեկնել Արցախ։ 

«Ես  վստահ էի, որ մենք պետք է լինենք 18-20 տարեկանների կողքին, միասնական ուժերով պաշտպանեինք մեր հայրենիքը։ Սեպտեմբերի 27-ին արդեն Ասկերանում էի։ Ես բանակում մոտոհրաձիգ եմ եղել, բայց պատերազմի ընթացքում ստացվեց այնպես, որ բոլորովին այլ զինատեսակ վստահվեց ինձ, բացի այդ՝  տեղանքն այնպիսին էր, որ պետք է մեր ուսերին պահելով՝ զինատեսակներ  տեղափոխեինք, հասցնեինք մեր ընկերներին․ այդ հատվածներում  մեքենաներ չէին կարող մտնել։ Պատերազմի ժամանակ չկարողանալու, չհասցնելու,  ինչ-որ բան դանդաղ յուրացնելու ժամանակ կամ հնարավորություն չկա։ Բոլորս էլ արագ սովորում էինք այն, ինչը նախկինում, չէինք իմացել, չէինք  արել։ Այնտեղ մեկը մյուսին սովորեցնում էր կիրառել այս կամ այն զինտեխնիկան, մեկը մյուսի նկատմամբ եղբոր պես հոգատար էր, կյանքը կտար և տալիս էին․․․»,- Forrights.am-ին պատմում է Էդուարդը։

Պատերազմական թեժ պահերին նույնիսկ  ծանոթանալու, միմյանց անուն հասցնելու ժամանակ չկար, բայց ասես բոլորը մի ընտանիքից էին․ մարտի դաշտում մահը մոտ էր, վտանգը՝ շատ, միմյանց նկատմամբ սերն ու նվիրվածությունը՝ անսահման, անեզր։

Էդուարդն ասում է՝ բազմաթիվ հերոսական դրվագների ականատես է եղել։

«Մենք մարտական դիրքեր, ՀՄՄ-ներ ենք խոսել, մեր տղաները հերոսական պայքար են մղել։ Նրանք չեն պարտվել, որևէ մեկը ետ քայլ չի արել․․․․  Ես հիանում էի նրանց կատարած հաշվարկներով։ Երբ ՀՄՄ-ները մոտենում էին, տղաները այնպես էին կատարում հաշվարկները, որ ոչ մի կրակոց հենց այնպես չկորչեր, և անվրեպ խոցում էին թշնամու զինտեխնիկան։ Իմ մարտընկերներից երկուսը մեդալներ են ստացել, ինձ և ընկերոջս ևս մեդալների են արժանացրել, շուտով մեդալներ պետք  է ստանանք», —  պատմում է Էդուարդը։

Նա հպարտորեն հիշում է՝ ինչպես  են կարողացել խոցել թշնամու  անխոցելի թվացող դիրքերից մեկը։

«Այդ դիրքը շատ ամուր էր՝ ցեմենտով շատ հաստ շերտով կառուցված, ու մենք մեծ դժվարությամբ կարողացանք խոցել այն։ Հիշում եմ՝  դրանից հետո բոլորս միանգամից այնպես ուրախացանք, որ կեր կացանք,  բոլորս գրկախառնվեցինք․․․ Իհարկե, մենք ունեցել ենք նաև ցավոտ կորուստներ, ազնիվ ու քաջ տղաներ են ընկել մարտի դաշտում։  Այդ անդառնալի կորուստների մասին անգամ այսօր ես դժվարանում եմ խոսել ու չգիտեմ՝ կգա՞ մի օր, երբ կկարողանամ առանց հուզմունքի հիշել այս ցավոտ դրվագները։ Երբ արդեն իմացանք, որ հրադադար է  ու պիտի Հայաստան վերադառնայինք, Քարվաճառի մոտով անցնելիս լաց լինելով ենք եկել․․․ Այդ ուժեղ ու անկոտրում տղաների աչքերից արցունքներ էին հոսում։ Մեզանից որևէ մեկը մի սանտիմետր ետ չէր գնացել, կյանքը կտար, դիրքը չէր տա ու վերջում այսպես եղավ․․․ Մինչև հիմա չեմ հավատում», — հիասթափված պատմում է  Էդուարդը։

Նա մինչ օրս պահում է իր ոտքը վնասած ամենամեծ բեկորը, մի բան  էլ կա, որ  Արցախից թանկ մասունքի պես բերել է Երևան։

«Իմ մարտընկներներից մեկը վիրավորում ստացավ աչքի ու ոտքի շրջանում։  Նրա կրծքավանդակի հատվածում գտնվող գրպանում  հեռախոս կար։ Եթե հեռախոսը չլիներ գուցե նրա սիրտը վնասվեր, գուցե նրա կյանքը փրկել չհաջողվեր։ Ես այդ տղայից լուր չունեմ, նրան վիրավորվելուց անմիջապես հետո եկան, տարան, որ բուժօգնություն ստանար, բայց վստահ եմ՝ հիմա նա ողջ է։ Այս հեռախոսը երևի նրա կյանքը փրկեց։ Ամբողջ կյանքում այսպես թանկ ու անգին պահելու եմ հեռախոսի այս մասը։ Ամբողջ հեռախոսից այս փոքրիկ մասն է մնացել», —  ասաց Էդուարդը ու ծոցագրպանից հանելով՝ ցույց տվեց այն։

Էդուարդն ասում է,  իր պապերը զեյթունցի եե եղել, ջարդել են թուրքին, ինքն  էլ չի ընկրկելու։ Ճիշտ է՝ հիմա  հայերի համար սարսափելի օրեր են, բայց պետք  է ուժ գտնենք մեր մեջ ու նայենք առաջ։

«Պատերազմից հետո որոշել եմ նվիրվել զինվորական գործին։ Գնալու եմ  համապատասխան կառույցներ, դիմում  եմ ներկայացնելու։ Ես  իմ հայրենիքի  համար ոչինչ չեմ խնայի։ Ես  ու իմ հասակակիցները պիտի ամուր լինենք, ամուր պահենք մեր հայրենիքը, որ մեր որդիները չտեսնեն այն ծանր օրերը, որ մենք տեսանք», —  եզրափակեց Էդուարդը։

Հասմիկ Բալեյան

Pin It on Pinterest