«Ամենասխալ որոշումը եղել է Զոհրաբյանին այդ պաշտոնում նշանակելը. նա խտրական պատկերացումների կրող է»

172

«Բարգավաճ Հայաստան»-ը Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան։

Այս մասին հայտարարեց Զոհրաբյանը՝ իշխանական իմքայլական պատգամավորների նախագիծը որակելով հակասահմանադրական։

«Քվերակությունից հետո մեր իրավաբանների և սահմանադրագետների թիմը ներկայացնելու է սահմանադրական հանցագործության այն փաստը, որը տեղի կունենա լիագումար նիստերի ընթացքում»,- ասաց Զոհրաբյանը:

Ազգային ժողովը մի շարք հարցերի թվում այսօր արտահերթ նիստում քննարկում է Զոհրաբյանին այդ պաշտոնից ազատելու հարցը: Նախաձեռնությունն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինն է։ Որպես հիմնավորում, նախագծում նշվում է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։

Իմքայլականները մասնավորապես մեջբերում են Նաիրա Զոհրաբյանի՝ օրերս Ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառումը․

«Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

Նաիրա Զոհրաբյանը, այնինչ, չի ընդունում, որ որևէ վիրավորանք է հասցրել հանրության այս կամ այն թևին։ Նա նշում է, որ ըստ բառարանի, ժեխ»-ն «անմաքուր» բառի հոմանիշնն է, Ավելին՝ ԲՀԿ-ական պատգամավորը նախագիծը քաղաքական հետապնդում է համարում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից․

«Եթե իրենք այդքան արդար են, ապա ինչո՞ւ չեն պահանջում դադարեցնել, օրինակ, Լենա Նազարյանի՝ Ազգային ժողովի փոխնախագահի լիազորությունները, ով իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր անձի՝ ես չգիտեմ՝ զինվո՞ր էր․․․ով անում էր բռնության կոչեր և անվայելուչ խոսքեր ասում հենց ինձ։ Եթե իրենք այդքան ազնիվ են, ապա ինչո՞ւ չեն արձագանքում վարչապետի՝ «վնգստացող դատավորներ», «կոշիկ լպստողներ», «վնգստացողներ», «ծեփեմ պատերին», «ծեփեմ ասֆալտին», խոսքերին։ Մենք այստեղ գործ ունենք բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հետ», — նշում է Զոհրաբյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ սա ուշացած որոշում է և հարցն ավելի վաղ պետք է լուծում ստանար։ Նրա խոսքով՝ այս մասին իրենց բազմիցս են դիմել տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ և քաղաքացիներ․

«Նաիրա Զոհրաբյանը ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը կասկածի տակ է դնում և պիտակավորում շատ գռեհիկ բառապաշարով, իսկ այս քայլն արդարացում չունի։ Նա ոտնահարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երկրորդ և երրորդ հոդվածները, վիրավորում ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը: Եվ այս քայլով մեր խմբակցությունը փորձում է պաշտպանել այդ նույն քաղաքացիների իրավունքները»:

Իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ ամենասխալ որոշումը նախ եղել է Զոհրաբյանին այդ պաշտոնում նշանակելը։ Նրա խոսքով, պատգամավորը դեռ շատ վաղուց է աչքի ընկել մարդու իրավունքները ոտնահարող հայտարարություններով, ելույթներով և պահվածքով։ Կարապետյանցը վերհիշեց ամիսներ առաջ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ԱԺ ամբիոնից ելույթի Զոհրաբյանի կոշտ արձագանքը․

«Իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շատ լավ է ճանաչում Նաիրա Զոհրաբյանին, ուստի նրան մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում նշանակելը, առավել ևս նախագահի պաշտոնում, ամենամեծ սխալներից մեկն է եղել։ Մենք առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում ենք այս մասին, սակայն թե ինչու միայն այժմ նախագիծ առաջարկվեց, մտածելու տեղիք է տալիս։ Զոհրաբյանը խտրական պատկերացումների կրող է, և իրավապաշտպանական հանրույթն առաջին անգամ չէ, որ ներկայացնում է այդ անձի անհամապատասխանությունը Մարդու իրավունքներ հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,- Forrights-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպանը։

Հարցին՝ կարելի՞ է սա քաղաքական հետապնդում համարել, իրավապաշտպանը դժվարացավ պատասխանել։ Նրա դիտարկմամբ՝ քաղաքական հետապնդում կլիներ, եթե Զոհրաբյանին զրկեին անձեռնամխելիությունից կամ մանդատից։

Նշենք՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 11-րդ հոդվածը նախատեսում է․ «Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են, նա դուրս է գալիս հանձնաժողովից, նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա տեղում նշանակում է խմբակցության անդամի»։

Այս հոդվածին այսօր անդրադարձավ նաև ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ Պատգամավորը նշեց, որ համաձայն՝ Դոնթի բանաձևի, հանձնաժողովի նախագահի քվոտան պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և, եթե Նաիրա Զոհրաբյանը զրկվի նախագահի լիազորություններից, ապա իրենց խմբակցությունը որևէ մեկին չի առաջադրի այդ պաշտոնի համար․

«Մտածեք վաղվա ձեր պատասխանատվության մասին»,- ասաց Աբովյանն ու հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այդ հարցով քննարկմանը:

Ռոզա Վարդանյան