ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանին ՄԻՀ նախագահի պաշտոնից ազատելու հարցով կդիմի ՍԴ

133

«Բարգավաճ Հայաստան»-ը Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան (ՍԴ), այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Զոհրաբյանը՝ իշխանական իմքայլական պատգամավորների նախագիծը որակելով հակասահմանադրական։

«Քվերակությունից հետո մեր իրավաբանների և սահմանադրագետների թիմը ներկայացնելու է Սահմանադրական դատարան սահմանադրական հանցագործության այն փաստը, որը տեղի կունենա լիագումար նիստերի ընթացքում »,- ասաց Զոհրաբյանը:Ազգային ժողովը մի շարք հարցերի թվում այսօր արտահերթ նիստում քննարկում է Զոհրաբյանին այդ պաշտոնից ազատելու հարցը:

Նախաձեռնությունն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինն է։ Որպես հիմնավորում, «Իմ քայլի» նախագծում նշված է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։

Իմքայլականները մասնավորապես մեջբերում են Նաիրա Զոհրաբյանի՝ օրերս Ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառումը․ — «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

Նաիրա Զոհրաբյանը չի ընդունում մեղադրանքներն՝ ընդդծելով՝ սա քաղաքական հետապնդում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։