«ԲԴԽ հայտարարությունն ու դատարանի որոշումը ՀՀ քաղաքացու դեմ գործողություն է»

120
Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դեմ ուղղված գործողություն է համարում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից օրեր առաջ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու և արյուն թափելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս. Կ․-ի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը մերժելը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունն այդ առնչությամբ: 

Այս թեմայով իր մոտեցումը Բադասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի գրառմանը, որը հետևել էր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հրապարակմանը:

Գոռ Աբրահամյանը սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ այդ որոշումը դատարանը կայացրել է մի իրավիճակում, երբ հրապարակում հայտարարությունն արվել է ուղիղ և բաց տեքստով, առանց այլևայլությունների, առանց որևէ երկիմաստության, մեկնաբանելիության տեղ չթողնելով։

«Դատարանն այս որոշումը կայացրել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է պատերազմից հետո հանրապետությունում մեծ թվով ապօրինի զենք, զինամթերքի առկայությունը, ինչը փաստվել է տասնյակ նման դեպքերի բացահայտմամբ, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով և բազմաթիվ ներգրավված մեղադրյալներով։ Գուցե դատարանները համարում են, որ կան իրավիճակներ, երբ իրավաբանությունն անպետք կատեգորիա՞ է, և պետք է այն հարմարեցնել քաղաքական կոնյունկտուրայի քամիների ուղղությունների՞ն, թե՞ իսկապես համարում են, որ նման աղաղակող փաստերի ու ռիսկերի առկայության պայմաններում, նման որոշումը չի ընկալվելու որպես երկրում զինված հեղաշրջում իրականացնելու, արյուն թափելու ուղղակի կոչեր հնչեցնելն առնվազն յուրօրինակ կերպով արդարացնելու, ընդունելի համարելու «քարտ բլանշ» դատաիրավական համակարգի կողմից»,- գրել է Աբրահամյանը:

Ի պատասխան Գոռ Աբրահամյանի գրառմանը, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանն ընդգծել է, որ դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը:

«Ակամա հարցեր են առաջանում. այսուհետ նման ձևաչափը համարել ընդունելի՞: Եթե այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել»,- նշել է Խաչատրյանը:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ սխալ է այն մտայնությունը, թե դատարանի այդ քայլն ուղղված է գործող իշխանության դեմ:

«Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջի վարողը սրամտում է։ Երևի շատ զվարճալի է թվում ստեղծված իրավիճակը, երբ դատարանի կողմից չեն պաշտպանվում քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա ուղղված է գործող իշխանության դեմ, ապա չարաչար սխալվում է. սա գործողություն է ուղղված Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դեմ։ Իրականում նման հայտարարությունները դատական համակարգում սեփական ինքնաոչնչացման տպավորություն են ստեղծում, ինչը բացի քաղաքացիներից, հենց դատավորներին պետք է մտահոգի»,- գրել է Արդարադատության նախարարը: