Ցուցարարները շրջափակել են Կառավարության շենքը

114

«Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները կառավարության շենքի առջև են։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել այստեղ։

Զուգահեռ մեկնարկել է Կառավարության նիստը։

«Այս շենքում գտնվող կառավարության անդամներ, դուք ձեր ամբողջ կազմով Նիկոլի գլխավորությամբ հիմա Հայաստանի Հանրապետության, Արցախի ազգային անվտանգության համար մեծագույն վնասն եք։ Ալիևը երեկ Իշխանաձորում էր՝ Հայաստանի սահմանների մոտ էր կանգնած, ձեր ասած Հայաստանի սահմանների, Հայաստանի սահմանները շատ ավելի լայն էին։ Նիկոլն այդ սահմանները փակեց բերեց մինչև Սյունիքի գյուղեր», — հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը՝ շարունակելով․ — «Պարոնայք ոստիկաններ, Ազգային անվտանգության պարոնայք սպաներ և վերջապես այսքան տարի մեր փայփայած, գուրգուրած, մեծագույն արժեք համարված ՀՀ Զինված ուժեր, Գլխավոր շտաբ դիմում եմ բոլորիդ՝ քանի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, մեր երկիրն ավելի անպաշտպան է դառնում»։

Նշենք, որ ընդդիմադիրները երեկ հայտարարեցին, որ այսօր առավոտյան ժամը 10-ից շրջափակելու են Կառավարության շենքը, որպեսզի Կառավարության ներկայացուցիչները չկարողանան մուտք գործել շենք և այսպիսով նիստը չկայանա։

«Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն, նրանք չպետք է վաղը կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից», — երեկ հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը