Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել․ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

131

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար որպես մեղադրյալ է ներգրավվել և հետախուզում է հայտարարվել Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, իսկ վերջինիս օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ նախկին դեսպանին, հայտնում է Քննչական կոմիտեն:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Պ.-ն, 2006թ. զբաղեցնելով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող և հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը, հասարակական կազմակերպության նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ, դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այնուհետև, ըստ Քննչական կոմիտեի, 201 միլիոն դրամ գնահատված արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են նշված հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊ ընկերության կապիտալում` ավանդի չափով ավելացնելով կանոնադրական կապիտալը, որից հետո դարձրել են ընկերության սեփականություն և նպատակ ունենալով իրականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխանցում՝ ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը 550.000 դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ-ի բարեկամին պատկանող ընկերությանը` այդկերպ փորձելով բարդ հանցավոր սխեմայով օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իսկ հասարակական կազմակերպության նախագահ, Իսրայելում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20 միլիոն դրամի չափով: