Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հիշատակի բազմահազարանոց երթը, որին մասնակցում էին նաև գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն գրեթե բոլոր ներկայացուցիչները, կեսօրից հետո Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Այսօր լրանում է պատերազմի ավարտի 40-րդ օրը, և այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել։
Կառավարության շենքից Փաշինյանի դուրս գալը հրապարակում հավաքված մարդիկ դիմավորեցին ծափահարություններով։
«Էսօրվա երթը, եթերի մեջ եմ ասում, լուռ երթ ա, խնդրում եմ», — արձագանքեց վարչապետը։
Մինչ երթի մեկնարկը՝ առավոտյան պետության ղեկավարը հանդես եկավ ուղերձով, որում անդրադարձ կատարեց նաև ներքաղաքական վիճակին։
«Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել: Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է: Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և ընդհանուր առմամբ կկայունացնի նաև ներքաղաքական վիճակը», — մասնավորապես հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը կարևորեց նաև պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը, սակայն նաև ընդգծեց, որ «քավության նոխազի ինստիտուտը» լավ տեղ չի տանում։Հանրապետության հրապարակից բազամահազարանոց երթը՝ ոստիկանների մեծաքանակ ուժերի ուղեկցությամբ, շարժվեց դեպի Երևանի քաղաքապետարանի շենք, Հաղթանակի կամրջով ու Իսակովի պողոտայով մոտենում էր Եռաբլուր զինվորական պանթեոնին։
Ողջ երթի ընթացքում պաշտոնյաները լուռ էին, լրագրողների հարցերին չէին պատասխանում։
Ի դեպ, եթե երեկ դեպի Եռաբլուր ուղղված ընդդիմության երթին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները, այսօր նրանց չնկատեցինք։
Մինչ վարչապետի գլխավորած երթը շարժվում էր դեպի զինվորական պանթեոն, Եռաբլուրում հավաքվել էին ընդդիմության կողմնակիցները, զոհված զինծառայողների հարազատները, պատերազմի վետերաններ, որոնց խոսքով՝ վարչապետը իրավունք չունի մուտք գործել Եռաբլուր։
«Սասնա ծռեր»-ի նախկին անդամ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց․ — «Այսօր կոռեկտություն եմ պահանջում։ Հատկապես մարտական տղերքին՝ ոչ մեկը մի ավելորդ քայլ չանի, ոչ մեկի մոտ մի հատ նույնիսկ մեխի կտոր չպիտի լինի։ Չմոռանաք, որ ոստիկաններն էլ մեր ընկերներն են, մեզանից էլ հավասար տուժված տղերք են, մի հատ ավելորդ քայլ իրանց կողմից չի լինելու»։
Երթը հասավ զինվորական պանթեոն։ Մուտքի մոտ ոստիկանության մեծաքանակ ուժեր էին, որոնք պատ էին կազմել՝ տարանջատելու երթի մասնակիցներին և ընդդիմության կողմնակիցներին, որոնք, ինչպես պարզվեց կարճ ժամանակ անց, շղթա էին կազմել՝ արգելելու երթի մասնակիցների մուտքը պանթեոնի տարածք։
Հնչում էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ վարչապետ» վանկարկումները, սկսվեց հրմշտոց, որը վերածվեց ծեծկռտուքի։
Երբ ոստիկանները կարճ ժամանակ անց վերականգնեցին կարգը, երթը շարժվեց առաջ։
Վարչապետը մոտենում էր 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելու, զրուցելու հարազատների հետ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: