Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 439 մարդ

97

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:  

Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 439 մարդու:  «Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 40 800 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

Բացի այդ, տեղի բնակիչներին օգնություն են ցուցաբերում ռազմական բժիշկների շարժական խմբերը: Ընդհանուր առմամբ, օգնություն արդեն ստացել է 558 մարդ, այդ թվում՝ 67 երեխա:

Դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Խաղաղապահների օգնությամբ ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը, որի իրականացման համար վերանորոգվել են 18 կմ էլեկտրահաղորդալարեր և 50 հենասյուներ: Վերականգնվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 24 բնակավայրերում, որոնց ընդհանուր բնակչության թիվը կազմում է ավելի քան 12 հազար մարդ:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ: 405 շենքերում ստուգվել է չպայթած զինամթերքի առկայությունը: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6000 պայթյունավտանգ առարկա:

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ միասին հայկական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում է մահացածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհայտ կորածների որոնումները: Այս աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար որոնողական խմբերի թիվն ավելացվել է ՝ 3-ից հասնելով 5-ի: