Սյունիքի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպ²րես»—ի հետ զրույցում նշեց, որ մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն, իրենց ուղղությամբ դիրքեր պետք է ազատեն:
«Խոսքն այն տարածքների մասին է, որոնք մենք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը, անվտանգության գոտու ապահովման համար: Այդ մասին մեզ ասել են զինվորականները: Սա շատ ցավալի իրողություն է, նորից ու նորից ահազանգում ենք անվտանգության հետ կապված: Փաստորեն Կապանից երկու ուղղությամբ գյուղեր տանող ճանապարհների որոշ հատվածներ ընկնում են թշնամու տարածքում»,-ասաց համայնքի ղեկավարը:
Նա տեղեկացրեց , որ անվտանգության ապահովման համար առաջարկվում է ռուս սահմանապահների հերթապահություն: Գևորգ Փարսյանի խոսքով, կան համայնքներ, որոնք փաստորեն չունեն այլընտրանքային ճանապարհ և դրա անհրաժեշտությունը խիստ օրակարգային է դառնում:
«Կապանը շատ լուրջ անվտանգության խնդրի առաջ է կանգնում, ինչպես նշեցի՝ ճանապարհների հարցը: Դրանից բացի, սահմանային հատվածը ստացվում է Կապանի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա, օդանավակայանից, Կապան քաղաքի արտադրական հատվածից մոտ 200 մետր հեռավորություն, այսինքն՝ լուրջ անվտանգության հարց է առաջանում: Ներդրումների խնդիր կլինի, զբոսաշրջության մասին էլ չեմ մտածում»,-հավելեց համայնքի ղեկավարը:
Կապանցիները, քաջարանցիներն այսօր փակել են Մ2 մայրուղին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այս հարցերի հետ կապված: Գևորգ Փարսյանը նշեց, որ այն դեռ շարունակում է փակ մնալ: Բնակիչներին մոտեցել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և լսել նրանց խնդիրները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: