Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր

170

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

Միջադեպի առաջին իսկ ժամերից, ըստ հաղորդագրության, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ:

«Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես` շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը», — նշված է ՊԲ հաղորդագրությունում:

Խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախ է մեկնել նաև Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։