Եվս 100 հայերի գերեվարման մասին տեղեկությունները Արցախի ՊԲ-ն չի հաստատել

152
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյան

Եվս 100 հայերի գերեվարման մասին ադրբեջանական լրատվաամիջոցների տարածած տեղեկությունները Արցախի պաշտպանության բանակը չի հաստատել, «Արմենպրես»-ին փոխանցել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրներն այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար», — ասել է Պողոսյանը՝ հավելելով․ — «Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով»։

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ:

Պաշտպանության նախարարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարեց, որ հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ պարզաբանումներ է սպասում Արցախի պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Սակայն առավոտյան դեռ որևէ պարզաբանում չէր ներկայացվել։