«Դեռ կան անհետ կորած ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնք, հուսանք, ողջ են»

121

Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։

«Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը: Այնպես որ դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ», — գրել է Բեգլարյանը:

Նա 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ է մաղթել հայրենիք։

«Թող ոչ ոք այլևս չտեսնի այն, ինչ տեսել են նրանք ու իրենց հարազատները: Շնորհակալ եմ բոլոր մարմիններին ու անձանց, որոնք փոքր-ինչ ներդրում ունեցան գեթ մեկ կյանքի փրկման գործում: Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ փոքրիկ թիմին ու կամավորներին՝ պատերազմի թեժ օրերից սկսած գերիների վերաբերյալ անընդհատ տվյալներ հավաքագրելու, վերլուծելու, պատկան մարմիններին ու փաստաբաններին փոխանցելու, հարազատների հետ կապը պահելու և այլ համապատասխան աշխատանքների համար, նաև որոնց շնորհիվ հաջողվել է փրկել զգալի քանակի կյանքեր», — գրել է Արցախի օմբուդսմենը: