Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը. Փաշինյան

118

Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա հայտարարության մեջ:

«Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: Գործողությունների հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ վիրավորվել են, տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են, որովհետև տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է և միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ առանձին քննարկման առարկա է, թե ինչու խաղաղապահները մինչև շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում:

Վարչապետն ընդգծեց՝ փաստն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին արդեն խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաև Խծաբերդ, Թաղավարդ գյուղերի այդ շրջակա տարածքը:

«Սա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է՝ քանի որ ամսի 9-ի դրությամբ այդ տարածքը եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո: Ադրբեջանըի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն  ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ, Հին Թաղեր հատվածի ճակատագիրը ՌԴ խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ որ Արցախի ՊԲ-ն չի կարող գործել այն նույն  տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները: Նկատի ունեմ՝ հայկական կողմը չպետք է անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը»,- հավելեց վարչապետը: