Աշխարհի 30 երկրներում զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) առնվազն 83 աշխատակիցներ են սպանվել 2020 թվականի սկզբից ի վեր: Այդ մասին ասված Է Շվեյցարիայի Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին Ժնեւում հրապարակված տարեկան զեկույցում։
«Տարեսկզբից ի վեր զանգվածային լրատվամիջոցների 83 աշխատակիցներ են սպանվել 30 պետություններում,- նշում Է PEC-ը:- Հնդկաստանն առաջատարն Է 13 սպանություններով: Այնուհետեւ հաջորդում Է Մեքսիկան, որտեղ սպանվել Է 11 լրագրող»: Մամուլի համար առավել վտանգավոր երկրների թվում կազմակերպությունը նշում Է նաեւ Պակիստանը (ութ զոհված), Աֆղանստանը (հինգ), Իրաքը (հինգ), Ֆիլիպինները (չորս) եւ Հոնդուրասը (չորս զոհված): Լրագրողների մահվան երեքական դեպքեր են արձանագրվել Վենեսուելայում, Նիգերիայում եւ Սիրիայում, երկուական՝ Բրազիլիայում, Գվատեմալայում, Լիբերիայում եւ Սոմալիում:
Անցյալ տարի, PEC-ի տվյալներով, սպանվել Է 75 լրարգող, իսկ տասը տարում՝ 1 180: Բացի դրանից, մամուլի ավելի քան 520 աշխատողներ 2020 թվականի մարտ ամսից ի վեր մահացել են կորոնավիրուսով վարակման հետեւանքով:
Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել Է 2004 թվականին, խորհրդակցական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում: Նրա զեկույցների համար տեղեկատվության աղբյուր են ծառայում մամուլի, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդումները: Ինչպես նշում Է PEC-ը, աշխարհում լրագրողների մահվան՝ նրա կողմից հրապարակվող վիճակագրական տվյալներն ավելի բարձր են, քան մյուս կազմակերպություններինը, քանի որ այն հայտնում Է «մամուլի բոլոր սպանված աշխատողների մասին, անկախ այն բանից, թե նրանց մահը կապված Է, թե ոչ պրոֆեսիոնալ գործունեության հետ»:
«Դժվար Է ապացուցել, որ հանցագործությունն առնչություն ունի լրագրողի աշխատանքի հետ՝ առանց անկախ եւ համապարփակ հետաքննության, որոնք հաճախ չեն իրականացվում հակամարտություններով եւ բռնությամբ ընդգրկված երկրներում»,- պարզաբանել են կազմակերպությունում: Ուստի PEC-ը կոչ Է անում «հետաքննության անկախ մխանիզմ» ստեղծելու ՄԱԿ-ի շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: