Անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներն ամսական 300 հազար դրամ կստանան

133

Անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքները ամսական 300 հազար դրամ կստանան, մինչև որոշակի դառնա նրանց կարգավիճակը։ Այս մասին որոշում ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։

Վարչապետ Փաշինյանի հիմնավորմամբ՝ անհետ կորածի կարգավիճակի ճշտումը երկարատև դատական գործընթաց է ենթադրում, և որքան էլ այժմ ժամկետը կրճատվում է, միևնույնն է սոցիալական աջակցության հարց կա հիմա. – «Բյուջեից գումար կփոխանցվի հիմնադրամին, որպեսզի հիմնադրամը այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրվի, մինչև իրենց կարգավիճակը, հարաբերությունները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կհստակեցվի»։

Նույնչափ աջակցություն կստանան նաև գերեվարված անձանց ընտանիքները։

Կառավարության նիստում մի քանի այլ հետպատերազմական հրատապ կարգավորումներ են։ Մարտական գործողություններին մասնակցած ուսանողները, կամ այն անձինք, որ պատերազմում են եղել և ունեն սովորող երեխաներ, կստանան առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում։ Եթե կան ուսանողներ, որ արդեն վճարել են, գումարը կտեղափոխվի երկրորդ կիսամյակ։

«Խոսքը վերաբերվում է ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին», — մասնավորեցրեց վարչապետը։

Առողջապահության նախարարի առաջարկած նախագծի նպատակը պատերազմի ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած ու վերականգնողական բուժման կարիք ունեցողների համար էր՝ թե՛ զինծառայողների ու թե՛ կամավորների։ Նրանք կարող են անվճար վերականգնողական թերապիաներ ստանալ իրենց ընտրած բուժհաստատություններում։

«Իրեն ասում ենք, որ Դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել այդ վերականգնողական բուժումը, և կառավարությունը կվճարի այդ բուժման համար», — նշեց Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Արցախից պատերազմի հետևանքով տեղահանվածների խնդիրը թեթևացնելու համար առաջարկեց 250 հազարական դրամ նրանց, ովքեր կորցրել են տուն կամ պարզապես այս պահին իրենց բնակավայր չեն կարող վերադառնալ․ — «Բացի այդ ավերածությունների արդյունքում կորցրած տներից, կա նաև մի փոքր հատված, ովքեր այս պահին ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից։ Քանի որ այդ մասով իրենք շահառու չէին հանդիսանում նախորդ միջոցառմանը, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են»։

Մինչև այժմ կառավարությունը աջակցության ծրագիր՝ ամեն անձին 300 հազար դրամ, նախատեսել էր Ադրբեջանին հանձնված բնակավայրերի բնակիչների համար։ Սակայն, օրինակ, Բերձոր, Աղավնո, Հադրութի Հին Թաղերն ու Խծաբերդը Ադրբեջանին հանձնվող գյուղերի ցանկում չեն, բայց այդտեղ այս պահին բնակվել հնարավոր չէ, իսկ մարդիկ այդ աջակցությունից զրկված էին։ Գործադիրի նոր որոշմամբ նրանք էլ կստանան 250 հազարական։ Այս գումարը, ինչպես Արցախի շտաբում բացատրեցին, տաք շոր, առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար է։

«Հեսա շուտով հանելու են մեզ, քանի որ տերը չի կարողանում կոմունալները փակի», — «Ազատությանն» ասաց Անուշ Պետրոսյանը, ով մի քանի արցախցիների հետ երևանյան մի ռեստորանում է ապաստանել։ Ռեստորանատիրոջը հասկանում է․ այսքան երկար ինչպե՞ս պահի իրենց։ Կառավարությունից առայժմ ստացել է միայն 68 հազար դրամը, որ նախատեսված էր աշխատանք չունեցող բոլոր արցախցիների համար։

Արայիկ Ստեփանյանի գյուղը՝ Ավետարանոցն արդեն Ադրբեջանի կազմում է։ Նրա բազմանդամ ընտանիքը վարձով է ապրում։ Այն, ինչ այժմ պետք է, անվճար կացարանն է։

Ստեփանակերտից Հայաստանում ապաստան գտած ու բնակավայր կորցրած արցախցիներին առայժմ հորդորում են Արցախ չվերադառալ, քանի դեռ բնակարանային հարցերն այնտեղ չեն լուծվել։ Արցախի սոցապ նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ տուն կորցրած 40 հազար արցախցիների համար մինչև 10 հազար նոր բնակարան է պետք, ծրագիր է քննարկվում՝ ռուսական կողմի աջակցությամբ։

Բոլոր հարցերի համար արցախցիներն օպերատիվ շտաբ են գալիս, բայց լուծվող հարցերը շատ չեն։ Բոլոր սենյակներում մարդիկ աջակցության դիմումներ են գրում։ Իսկ շտաբի պատերին կորցրած բնակավայրերի հուշարձանների լուսանկարներն են։