Պետք է բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում. ՄԻՊ

185

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ  մեր երկրի համար պատասխանատու այս օրերին բոլորիս առավել քան անհրաժեշտ է համախմբվածություն և համերաշխություն։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ պետք է բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում:

«Պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությանը համապատասխան պարտավոր է սեփական գործողութուններում ու երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը:

Երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հրամայականը յուրաքանչյուրիցս պահանջում է  զգոնություն ու առավել մեծ ուշադրություն մեր խոսքի ու վարքագծի հանդեպ՝ հանուն մեր երկրում համերաշխության ու խաղաղության մթնոլորտի ապահովման։ Այս օրերին կարևոր դեր ունեն հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքն ու պահվածքը՝ ծառայելով որպես համախմբվածության ու համերաշխության օրինակ:

Անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից՝ չպետք է թույլ տալ, պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները մարդու իրավունքների պաշտպանության նպատակով»: