Սպիտակի ավերիչ երկրաշարժից 32 տարի անց

147

Հայաստանում 32 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս  հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Աշխարհը Հայաստանի կողքին էր

Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։

1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը:

Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ  մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։