Այվազյանն ու Լավրովը կարևորել են գերիների և զոհվածների մարմինների շուտափույթ փոխանակման իրականացումը

131

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարևորեցին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերի ընկածների և զոհված զինծառայողների մարմինների շուտափույթ փոխանակման իրականացումը:

Այս հարցին նախարարներն անդրադարձան Մոսկվայում կայացած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:

«Կարևորագույն հարց է գերիների փոխանակման հարցը: Մեր խաղաղապահների միջոցով փորձելու ենք միջնորդել այս հարցի հնարավորինս արագ ավարտին հասցնելուն: Գիտենք, թե դա ինչ սուր հարց է գերի ընկածների հարազատների, մտերիմների, ընկերների համար, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցը, որը նույնպես պետք է շուտ լուծել»,- ասաց Լավրովը:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ գերիների փոխանակման հարցն առավել արդիական է այն պարագայում, երբ կան նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը ցուցադրող փաստեր:

«Իհարկե, անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցը շատ նուրբ է և պահանջում է շուտափույթ լուծում: Դա առավել արդիական է զինծառայողների և ոչ միայն, նկատմամբ բարբարոսական գործողությունների փաստերի առկայության պարագայում»,- նշեց Արա Այվազյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունները համաձայնել են «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման բանաձևին: