Երեկ՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։
Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլմասնակիցների, ոստիկաններն ուժ կիրառելով օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄաշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը և պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։
Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, և լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։
Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրադարձություններին և արձագանքելու ենք լրագրողների իրավունքների ցանկացած խախտման։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: