Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարարի հետ

116

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:Այս մասին նրանք հայտնեցին Պաշտպանության նախարարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ:

Մինչ այս նրանք դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են իրականցրել Էջմիածնում գտնվող ՊՆ զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ  այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը: Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո  Մալխասյանը վստահեցրել է բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են․

«Այս պահին ինչ-որ մեզանից հասնում է, ամեն ինչ արել ենք: Բոլոր տեղեկությունները ներկայացրել ենք հանձնաժողովի նախագահին: Այս պահին նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու է Զանգելանի հատվածում: Աշխատելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մալխասյանը:

Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել նաև Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց: Դեսպանատան աշխատակիցն անհետ կորած զինծառայողներին հարազատներին հայտնել է, որ նրանք այդ ուղղությամբ կգործադրեն բոլոր ջանքերը: