Օրեր առաջ Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննվող գործով կասեցրեց մարդկանց և ԶԼՄ-ների կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակումների գործողությունը։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը․
«Դեռ նախագծային վիճակում, երբ ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի, մեր եզրակացությունը եղել է բացասական։ Այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը»,- ասվում է պաշտպանի հայտարարության մեջ։
Սահմանափակումների ուժի մեջ մտնելու օրերին՝ իրավապաշտպանները և խոսքի ազատությամբ զբաղվող կազմակերպությունները բարձրաձայնում էին՝ սահմանափակման պահանջները հստակ ձևակերպված չեն, ուստի տարընթերցումների տեղիք կարող է տալ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ օրենքում առկա 9․1․2 կետը մտահոգիչ է, քանի որ ձևակերպումներն անորոշություն են պարունակում։ Մասնավորապես, 9․1 կետում գրված է, որ արգելվում է պետական մարմինների և/կամ ՏԻՄ ներկայացուցիչներին քննադատող արտահայտություններ անել ռազմական դրության ժամանակ։ Մելիքյանը հարց է բարձրաձայնում՝ այսինքն ընդդիմադիր գործիչներն ազատված չե՞ն քննադատությունից․
«Մեծ հաշվով, այս կետը կասկածի տակ է դնում և լայն տարընթերցման հնարավորություն տալիս, ինչը կարող է կամայական լուծումների հանգեցնել։ Կարծում եմ, որ ռազմական դրության ժամանակ այն հրապարակումները, որոնք հեռացվել են, այս հիմքով են եղել և միշտ չէ, որ օբյեկտիվորեն համապատասխանել են արգելքին։
Այսինքն, ոստիկանությունը կարող էր իր ճաշակով, ոչ այնքան հիմնավորված պահանջել, որ հեռացվեն ոչ ցանկալի հրապարակումները։ Օրենքում շատ ընդհանրացված է այս ամենը և ցանկացած, իր մեջ վտանգ չպարունակող մոտեցում կարող է լուրջ պատասխանատվության հանգեցնել»,- Forrights-ի հետ զրույցում նշում է ԽԱՊԿ նախագահը։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հերթին նկատում է՝ ռազմական դրությունն ինքնին արդեն իսկ ենթադրում է որոշակի սահմանափակումներ, այդ թվում նաև լրատվամիջոցների նկատմամբ, սակայն այլ հարց է, թե որքանով է հիմնավորվում կոնկրետ օպերատիվ իրավիճակում այս խստացումներն ու սահմանափակումներ մտցնելը․
«Իշխանությունների կողմից հստակ չի ներկայացվել, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա և ինչ սպառնալիքների հետևանքով են նրանք եկել այս սահմանափակումներին։ Իրենց հիմնավորումները մենք չենք տեսել, ինչը դժվարեցնում է գնահատել, թե որքանով են իրավաչափ և համաչափ կատարված խստացումները»,- մտահոգություն է հայտնում Նավասարդյանը։
ՀՀ ոստիկանությունը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացում է, որ ռազմական դրությունից ի վեր հայտնաբերվել է արգելված հրապարակումների 451 դեպք, որից 212-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից․
«Հարուցված վարույթների արդյունքում 13 լրատվական կայք տուգանվել է 700 հազար ՀՀ դրամի չափով։ Նրանցից մեկը, հրապարակումը չհեռացնելու պատճառով, տուգանվել է նաև հավելյալ 1 միլիոն 500 հազար դրամով»,- նշում է Ոստիկանության պետ, գնդապետ Մկրտչյանը։
ԵՄԱ նախագահի համար խնդրահարույց է նաև այս հանգամանքը․ թե որքանով է ճիշտ ոստիկանությանը վերապահել հետևելու և տուգանելու գործառույթը վստահելը․
«Տեղեկատվության տարածման հարցը բավականին լուրջ մասնագիտական գիտելիքներ են ենթադրում»։
Նշենք, որ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների և սահմանափակումների խախտման համար քրեական և վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքում առանձին կետով նշվում է նաև հիշյալ սահմանափակումները խախտելու տուգանքները։
Մասնավորապես, օրենքի խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։
Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։
Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով
Այնինչ, Բորիս Նավասարդյանը կտրականապես դեմ է, որ լրատվամիջոցների նկատմամբ կիրառվի դրամական տուգանքներ, այն էլ՝ նման ահռելի չափերի․
«Պետք է լինեն զգուշացումներ, հերքման պահանջներ, եթե շարունակում է լրատվամիջոցը նույն կերպ աշխատել՝ ուղղակի կասեցնել կամ արգելափակել ԶԼՄ գործունեությունը։ Սա այն դեպքը չէ, երբ լրատվամիջոցին պետք է ֆինանսական մեխանիզմներով պատժել։ Ո՛չ վիրավորանք է, ո՛չ զրպարտություն, սա անվտանգության հետ կապված հարց է, և այստեղ ֆինանսական մեխանիզմները չպետք է աշխատեն»։
Նշենք, որ ՄԻՊ դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: