«Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է»

151

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով իր հրաժարականի պահանջով ընթացող ցույցերին, նշել է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չեն գտել հայ հանրության շրջանում: Այս մասին Փաշինյանը նշել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում:

Եվ դա պետք է արձանագրել: Հիմա կառավարության և, կարծում եմ, ոչ միայն կառավարության, այլև ՀՀ բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ հրապարակել է ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում պետք է աշխատել իրավիճակի կայունացման ուղղությամբ: 

«Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում:

Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, և այլն: Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ պետք է աշխատել, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարանա, որպեսզի կայունանա և բարելավվի այն: 

«Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա: Սա չի նշանակում, որ կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է չսրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում: Ցավոք, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն, առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել»,- նշել է Փաշինյանը:

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը