Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ-ից հաղորդում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն:
Մովսես Հակոբյանը երկու օր առաջ ասուլիսում պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ պնդել էր, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել այսպես ասած «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։
Բացի այդ, նրա պնդմամբ` անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։Կառավարությունից Հակոբյանի հայտարարությունները մտացածին էին որակել և կարծիք հայտնել, որ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն նրա բոլոր հայտարարությունները, հատիկ-հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: