Արցախի Մարտակերտ քաղաքում պատերազմական հարվածներին դիմակայած 46-ամյա Իրինան դեռ կշարունակեր մնալ հարազատ բնակավայրում, եթե տղան ուղղակի չխնդրեր գալ Հայաստան․

«Մինչև հոկտեմբերի 23-ը Մարտակերտումս եմ եղել՝ իմ երկու տղոնց մոտ, չէի գալիս ու մինչև վերջ էլ կմնայի, եթե փոքր տղես չաղաչեր, չասեր՝ մա՛մ, դու գնա, որ ուշադրությունս մենակ իմ վրա դնեմ։ Երեխես ա ինձ ստիպել, որ գամ Հայաստան, ես չէի ուզում, չէի կարողանում գալ»,- Forrights-ի հետ զրույցում մտքերն է մի կերպ կարողանում ի մի բերել տիկին Իրինան։

Վերհիշելով պատերազմական առավոտը՝ տիկին Իրինան այն բնորոշեց «սարսափելի»․

«Կիրակի առավոտ էր, բոլորը տանն էին, էդ ձեներից վեր թռանք ու դուրս վազեցինք, չնայած հակառակը պետք ա անեինք, սկսեցին սնարյադներով թխալ (հարվածել- խմբ․)։ Մնացած պատերազմներն էս աստիճանի չէին, ավտոմատ կամ «պուլիմյոտ» էր, բայց էսօր  ուրիշ զենքեր են, ավելի ծանր գմփոցներ ու  տրաքոցներ էին։ Մի պահ ինձ թվաց՝ վերջ, չկա, էլ Ղարաբաղ ու հայություն չկա»։

Պատերազմի դաշտում կինը կորցրել է եղբորը՝ Իգորին։ Տեղեկություններ կան, որ զոհվել է, սակայն մինչև օրս մարմինը գտնել չեն կարողանում։ Քույրը, սակայն, վատ ինքնազգացողություն ունի, եղբայրն ընկել է կռվի դաշտում․

«Ես զգում եմ, որ ինքը չկա, զոհված ա, չեն ասել, բայց զգում եմ։ Մեզ կանչել ԴՆԹ-ի անալիզ են վերցրել, բայց մինչև հիմա տեղեկություն չկա, պատասխան չկա։ Մենք դրան ենք սպասում, որ մարմինը գտնեն կամ էստեղ հողին հանձնենք՝ նոր գնանք, կամ մեզ հետ տանենք, մեր մոր կողքին թաղենք, անտեր չմնա․․․»։

Արցախում երկու որդիներին է թողել՝ 32 և 23 տարեկան, ովքեր այսօր էլ առաջնագծում են։ Նրանցից մեկն ամուսնացած է, ունի երկու երեխա, մյուսը խոստացել էր ընտանիք կազմել՝ պատերազմի հաղթական ավարտից հետո, սակայն․․․այս մասին մայրը նախընտրեց լռել։

Մարտակերտի իրենց տունն այսօր կիսաավեր է, վնասվել են դռները, պատուհանները, հարվածների ալիքից տունը ցնցվել և «չոքել է»․

«Տունս, իմ տունը․․․բայց ոչինչ, ես հետ եմ գնալու ու էլի իմ ուժերով սարքեմ։ Ես եմ տարիներ առաջ կառուցել՝ միայնակ, ուրեմն ես էլ կվերականգնեմ, էս անգամ՝ տղերքիս հետ, մենակ թե շուտ հետ գնամ․․․»։

Տիկին Իրինան վերջնական թուլացել էր, երբ Հայաստան գալու ճանապարհին ականատես էր եղել Արցախի ավերակներին և դիակներին․․․

«Հոգեկան վիճակս խախտվել ա, անբացատրել ցավ ա ներսումս»։

Մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է վերադառնալ Արցախ, Իրինան դրական պատասխան տվեց՝ գնալու է, միայն թե ԴՆԹ-ի պատասխանի ստացումից հետո․

«Ես մի օր շուտ եմ ուզում հետ գնամ, որովհետև իմ երեխեքն էնտեղ են, իմ սիրտն ու միտքն Էնտեղ են, ես էնտեղ եմ․․․»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest