«Ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց մարդուն՝ էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում բացահայտ անմարդկային վերաբերմունքի»,- Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հրապարակելով տեսանյութը:
«Դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է. ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով խրախուսվում է այնքան բարձր, որ այս զինվորականներին չի հետաքրքրում, որ մարդն անօգնական է, տարեց է և ունի մարդկային արժանապատվություն:
Հակառակը, նրանք մարդկանց արժանացնում են այսպիսի վերաբերմունքի, տեսագրում կամ լուսանկարում ու հետո դա լայնորեն տարածում սոցիալական ցանցերով սեփական հասարակությունում գովեստի ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար:
Մեկ կարևոր փաստ. այս արարքը ոչ թե մի խումբ զինծառայողների առանձին հանցագործություն է, այլ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական լայնածավալ ու պետական բարձր մակարդակով խրախուսվող հանցավոր արարքների՝ խոշտանգումների ու վայրագությունների, դաժանությունների համակարգի անբաժան բաղադրիչ:
Սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում:
Այսպիսի արարքները ոչ միայն կատեգորիկ արգելված են մարդկությանը հայտնի բոլոր միջազգային պահանջներով, այլ դրանք նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում ենք՝ այս ապացույցի ամրագրման, անհրաժեշտ ձևակերպումների ու միջազգային մարմիններին ներկայացնելու համար»,- գրել է նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: