«Մեղադրանքը չեմ ընդունում, ցուցմունք տալուց հրաժարվել եմ»,- այս մասին Forrighst.am— հետ զրույցում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

 «Մեզ բոլորին այսօր հրավիրել էին Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժին, որտեղ մեզ տարել էին առաջին օրը, առաջին անգամ կասկածյալի կարգավիճակով, հիմա՝ մեղադրյալի։ Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի մի քանի անդամների կարգավիճակը ևս փոխվել է»,- ասաց Արա Պապյանը, զերծ մնալով վերջիններիս անունները նշելուց, քանի որ դեռ անձամբ չի խոսել։

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամը նշեց, որ մեղադրանքի հիմքն այն է, որ ռազմական դրության պայմաններում հավաք անցկացնելը արգելված է եղել, սակայն իրենք կազմակերպել են․

«Կարծում եմ, որ մեղադրանքն իրավաչափ չի, որովհետև ռազմական դրություն չի կարող լինել մի երկրում, որը  ստորագրել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին միջազգային պարտավորություն, իսկ մեր Սահմանադրության համաձայն՝ միջազգային իրավունքը գերակայություն ունի ներքին օրենսդրության նկատմամբ։ Դա նույն օրը պետք է վերացվեր, եթե ռազմական դրությունը չի վերացվել, դա արդեն իշխանության կողմից օրենքի խախտում է»,-նշեց Արա Պապյանը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամների կարգավիճակն այսօր փոխվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է Սասնա Ծռեր համահայկական շարժումը «Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, այն է՝ օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest