ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պատերազմից հետո ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիները, մեթոդները ծրագրերը:

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի և այդ վիճակի մանրամասների մասին:

Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն:

Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին:

Առաջիկայում մեր ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը հետեւյալն է.

1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:

2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:

3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում:

5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:

6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում:

8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:

9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում:

10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:

13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:

14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:

Այս ամենի կարևորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում:

Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար Կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։

Փոփոխությունների իմաստը և նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը և Կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ.

Այս միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտևի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:

Ուզում են նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի ախատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայը» խմբակցությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել։ Ի գործ»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest