Արցախը կա և լինելու է, այսօր հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։

ՊԲ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում, Արզումանյանը նշել է, որ Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ Պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, կարգապահ և պատրաստ՝ շարունակել կատարել հայրենիքը պաշտպանելու իր առաքելությունը:

«Բանակը պահպանել է իր կուռ կառուցվածքը, կառավարման համակարգը, միանձնյա ղեկավարման սկզբունքի վրա հիմնված զինվորական աստիճանակարգությունը, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքը, իսկ բոլոր փոփոխությունները, որոնք կատարվելու են առաջիկայում, նպատակաուղղված են լինելու ոչ թե բանակի կազմալուծմանը, այլ բանակի կատարելագործմանն ու մարտունակության աստիճանի որակապես աննախադեպ բարելավմանը», — ասել է Արցախի պաշտպանության նախարարը:

Բանակի հրամանատարության, միավորումների և զորամասերի, տարբեր ստորաբաժանումների հրամանատարների, սպայակազմի, պայմանագրային և ժամկետային զինծառայողների տեսլականն, ըստ Արզումանյանի, մեկն է՝ ապահովել երկրի պաշտպանությունը, ապահովել ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը:

«Այդ գերնպատակի իրագործմանն իրենց կյանքն են նվիրաբերել մեր բազմաթիվ զինակից եղբայրներն ու քույրերը, վստահ եմ, որ կարողանալու ենք արժանի լինել նրանց զոհողությանը», — հայտարարել է Միքայել Արզումանյանը:

Արցախի պաշտպանության նախարարը նշել է, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային:

«44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք մենք: Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով: Այդ նպատակների իրագործման համար առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն», — հայտարարել է Միքայել Արզումանյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27-ին գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հաղորդվել էր, որ Ջալալ Հարությունյանի պաշտոնանկությունը պայմանավորված է նրա վիրավորվելու հանգամանքով։ Նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest