Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ, հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է:
Այս մասին հայտարարում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները:
Առողջապահության նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ:
Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ:
Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Այս նուրբ թեման կեղծ տեղեկություններով շահարկելու հաշվին քաղաքական դիվիդենտեր հավաքելը դուրս է բարոյականության բոլոր սահմաններից:
Առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք որդի կորցրած բոլոր մայրերին, հայրերին և նրանց հարազատներին:
Ցավում ենք, որ ստիպված էինք այս թեմայով նման գրառում անել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: