Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան սպանության սպառնալիքներով ու բռնությունը խրախուսող տեսանյութ հեռարձակվցլ, որն առաջացրեց հասարակության լայն զանգվածների դժգոհությունը։ Չնայած, տեսանյութը կարճ ժամանակով էր հայտնվել և էկրանն արդեն իսկ ապամոնտաժվել է, սակայն այն դեռևս քննարկումների տեղիք է տալիս․

«Էկրանը տեղադրվել էր վարչապետի ելույթի համար, որը երեկ հեռարձակվեց։ Տեղյակ եմ, որ մեր հանրության շրջանում դժգոհություն է առաջացրել ելույթից հետո հեռարձակված տեսանյութը, ուստի, հաշվի առնելով այդ փաստը, այսօր խնդրել եմ այն ապամոնտաժել։ Սակայն նշեմ, որ իմ տեղեկություններով այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով»,- Forrights-ի հետ զրույցում նշեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, սակայն հրաժարվեց պատասխանել, թե ում թույլտվությամբ և պատասխանատվությամբ է հեռարձակվել տեսանյութը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանը ևս չկարողացավ այս հարցին պատասխանել։ Միայն նշեց, որ տեսանյութը հեռարձակվել է կեսգիշերն անց, հետևաբար քիչ մարդ է տեսել, այնինչ միջադեպի մասին սոցկայքերում հանրայնացրել է մեծ լսարան ունեցող անձնավորությունը, «ինչը մտածելու տեղիք պետք է տա»,- Forrights-ին ասաց Կուբատյանը։

Առավոտյան միջադեպին արագ արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ վրդովվմունք հայտնելով, թե ինչպես կարելի է Հանրապետության հրապարակում, ապա նաև Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ և խրախուսվում բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով․

«Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք»,- իր խոսքում ասել է Թաթոյանը։

Հայաստանում ատելության խոսքի կիրառման դեպքերը հատկապես ակտիվանում են որոշակի իրադարձությունների ընթացքում և կոնկրետ թեմաների շուրջ։  Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, նման բովանդակությամբ բռնություն, վիրավորանք պարունակող խոսքեր և ելույթների պակաս հանրությունը չի զգում։

Համացանցում, Ազատության հրապարակում, թե Բաղրամյան պողոտայում ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի յուրաքանչյուր հաջորդող խոսքին հետևում է ատելության խոսքը։ Հատկանշական է, որ նախորդ տարի կառավարության առաջարկով քրեականացվեց բռնության հրապարակային կոչերն ու քարոզը, իսկ այսօր ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է վերոնշյալ օրենքին հակասող մերժող տեսանյութեր։

«Երևանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյանը ցավով արձանագրեց, որ պատերազմի հետևանքները հաղթահարելու գործին լծվելու փոխարեն, ընդդիմադիր և իշխանական ուժերը կենտրոնացել են քաղաքական իշխանության համար պայքարին։ Նա «ամոթալի» որակեց երեկ երեկոյան հրապարակում հեռարձակված տեսանյութի հետ կապված միջադեպը․

«ՄԻՊ պահանջով և պարոն Թաթոյանի ջանքերով պետք է հետաքննվի այդ տեսանյութի փաստը, իսկ պատասխանատուները՝ խստագույնս պատժվեն, անկախ նրանից, թե ովքեր են։ Մինչև վերջ՝ հրահանգ տվողից սկսած մինչև կատարողները պետք է համարժեքորեն պատժվեն։ Սա ընդունելի չէ, սա պետականության դեմ ուղղված քայլ է»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Նավասարդյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի դիտարկմամբ էլ՝ քաղաքական այն ուժերը, որոնք ներգրավված են այս հրապարակային պայքարի մեջ, արժանի են իրար և մեկը մյուսին չեն զիջում՝ չարության և ատելության խոսքի բնագավառում․

«Այդ տեսանյութն խայտառակ երևույթ էր, այն չպետք է ընդհանրապես գոյություն ունենար։ Գաղտնիք չէ, որ մեր այսօրվա իշխանությունները պոպուլիստներ են, պոպուլիզմով եկել են իշխանության և իրենց թվում է՝ դրանով էլ կարող են իշխանություն պահել, այնինչ պետք է հիասթափեցնեմ՝ այդ քայլերով պահելը շատ բարդ է, որոշ դեպքերում՝ նույնիսկ անհնար»,- կարծիք հայտնեց Հարությունյանը։

ԵՄԱ նախագահը խնդրի լուծման միայն մեկ տարբերակ է առաջարկում՝ իշխանական «առողջ ուժերը» պետք է անհապաղ դատապարտեն իրենց գործընկերների նմանօրինակ վարքագիծը, պահանջեն փոխել որդեգրած քաղաքականությունը, քանի որ մնացած բոլոր ճանապարհները ենթադրում են սուր քաղաքական պայքար և հեռացում այն խնդիրներից, որոնք ամեն օր պետք է լուծվեն իշխանության նախաձեռնությամբ․

«Նոյեմբերի 10-ի լույս առավոտից ամբողջ հասարակությունն ու իշխանությունը պետք է լծվեին սոցիալական, միգրացիոն, տնտեսական, հոգեբանական հարցերը լուծելու գործին, այնինչ աթոռակռիվ են անում։ Սա անթույլատրելի է․ հասարակության առողջ մասը պետք է ամեն ինչ անի, որ չեզոքացնի երկուստեք այս գործողությունները և պարտադրի, որ մարդիկ զբաղվեն գործով, այլ ոչ պառակտեն հասարակությունը և ատելության խոսքի օգտագործմամբ՝ էլ ավելի ծանր վիճակի հասցնեն մեզ»։

Հավելենք, որ տեսանյութը և նրա հեռարձակումը խստագույնս դատապարտել են նաև մի շարք հասարակական և իրավապաշտպանական կառույցներ․

«Երկրի գլխավոր հրապարակում ատելություն, հայհոյանք և սպառնալիք պարունակող խոսքի տարածումը, ինչպես նաև այլ նման բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հանրային հեռուստատեսության եթերում։

Պահանջում ենք իշխանություններից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել ատելության, թշնամանքի և բռնության կոչերը հանրայնացնելու փաստերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնք կազմակերպել և իրականացրել են այդ անթույլատրելի գործողությունը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝ երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում պատշաճ վերահսկողություն սահմանել եթեր հեռարձակվող բովանդակության նկատմամբ՝ բացառելով թշնամանքի և բռնության հրահրումը, մասնավոր լրատվամիջոցներից՝ առավելագույն պատասխանատվություն, խնդիրների բազմակողմանի և հավասարակշռված լուսաբանում, լրագրողական էթիկայի նորմերին համապատասխանող մասնագիտական գործունեություն»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest