Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալվել են նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների մասնակիցներն, ովքեր ապօրինի մուտք են գործել վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ վարորդական իրավունքի վկայական և զինվորական գրքույկ:
ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ` ծառայության քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը), 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), 301.1 հոդվածի 1-ին մասով (հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն), 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (կողոպուտը բնակարան ապօրինի մուտք գործելով) և 324-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են վերոնշյալ բացահայտ հափշտակությունները: Տվյալ անձինք, ըստ իրավապահ մարմնի հաղորդագրության, նոյեմբերի 11-ին ազգային անվտանգության մարմինների կողմից բերման են ենթարկվել, որոնցից երկուսի անձնական խուզարկությամբ նշված իրերը հայտնաբերվել են, իսկ մեկի կողմից հափշտակված իրերը մինչ այդ հայտնաբերվել էին նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում:
Երեք անձինք ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են և խոստովանել իրենց կատարած հանցանքները:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: