«Սասնա ծռեր» համահայկական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին նրանք հայտարարեցին Ազատության հրապարակում քիչ առաջ անցկացրած հանրահավաքի ընթացքում: Այս նույն հարթակից, հիշեցնենք, 17 քաղաքական ուժեր ևս երեկ նույն պահանջով հանդես եկան:
Նրանց դժգոհության պատճառը նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրն է:
«Սասնա ծռերից» Արա Պապյանը հայտարարեց, որ վարչապետի հրաժարականին պետք է հաջորդի հակաճգնաժամային կառավարության ստեղծումը: Ավելին, ըստ Արա Պապյանի՝ ազգը պատրաստ էր դիմակայելու, իսկ պետական համակարգը գործեց այլ ուղղությամբ:
17 կուսակցություններն էլ երեկ 4 քայլ էին ներկայացրել, որ առաջարկում են ստեղծված իրավիճակում. քայլ առաջին` Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս, երկրորդ ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, երրորդ Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր ազգային դեմքով, չորրորդ` «քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք»:
Հանրահավաքից հետո «Սասնա ծռերի» անդամները ցանկանում էին երթ անցկացնել, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց` հիշեցնելով, որ ռազմական դրություն է հայտարարված, որից հետո կազմակերպիչները վերադարձան հարթակ` հայտարարելով, որ երթը չեղարկվում է:
Սակայն սրան հետևեց մի շարք քաղաքացիների բերման ենթարկելը ոստիկանների և հատուկ ջոկատայինների կողմից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: