ՄԱԿ-ը Ադրբեջանին և Թուրքիային կոչ է անում անհապաղ հետ կանչել ղարաբաղյան հակամարտության գոտուց վարձկաններին և այլևս չզբաղվել նրանց հետագա հավաքագրմամբ, ֆինանսավորմամբ և տեղակայմամբ: Այդ մասին ասվում է վարձկանների օգտագործման հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի զեկույցում:
Փորձագետները փաստում են, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի օժանդակությամբ սիրիացի զինյալներին օգտագործել է հակամարտության գոտում, այդ թվում՝ առաջնագծում ռազմական գործողություններին մասնակցելու համար։
«Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 27-ից մինչև վերջին հրադադարը, աշխատանքային խումբն ավելի ու ավելի է մտահոգված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հարակից բնակավայրերում, նաև որոշակի հեռավորության վրա գտնվող բնակավայրերում կանխամտածված հարձակումների մասին պարբերաբար ստացվող հաղորդագրություններով, ինչպես նաև ռազմական գործողություններով, որոնց հետևանքով եղել են մեծաթիվ քաղաքացիական զոհեր՝ այդ թվում երեխաների» ,- ասվում է ՄԱԿ-ի փորձագետների զեկույցում։
Միջազգային կառույցի ներկայացուցիչները հիշեցնում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանները հայտնի են պատերազմական հանցագործություններով, մարդու իրավունքների լրջագույն խախտումներով։ «Այդպիով կարծես շարունակվում է անպատժելիությունը և պահպանվում է միջազգային իրավունքի հետագա չարաշահումների վտանգը», — ասվում է զեկույցում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: