Պեսկովը դարձյալ հերքել է․ ԼՂ-ում խաղաղապահ առաքելությանը թուրքական ԶՈՒ-ի մասնակցության հարց չի քննարկվել

191

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, բայց այդ հարցը չի քննարկվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է Ռուսաստանը համաձայնել տարածաշրջանում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ «այդ թեման չի քննարկվել»:

«Սա չի կարող քննարկման առարկա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն դրան»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ «նման պայմանավորվածություն չի եղել»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն ու տարածաշրջանում «ռուս-թուրքական խաղաղարար կենտրոնի» ստեղծումը։

Նույն օրը Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին գրված չէ կրակի դադարեցման և դրա պայմանների մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունում, այլ «առանձին պայմանավորվածության առարկա է»։ ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղարարների ներկայություն նախատեսված չէ։

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարեց, որ Անկարան ու Մոսկվան արձանագրություն են ստորագրել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է հետևի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պատվիրակությունը  Թուրքիա է մեկնելու ուրբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները: