«Մեր առաջնահերթությունն է աջակցել այն մարդկանց, որոնք այս կոնֆլիկտի արդյունքում տուժել են»

131

Արցախի Հադրութի բնակիչները հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ դեսպանությանը փոխանցելու նամակ՝ ակնկալիքով, որ բարեկամ Ֆրանսիան կաջակցի հայկական կողմին՝ հատկապես Հադրութը վերադարձնելու հարցում: 

Դեսպանատան դարպասներին անձամբ մոտեցավ դեսպան Ժոնաթան Լաքոտը, դարպասներից ներս հրավիրեց հավաքված հադրութցիներին ու դեսպանատան բակում լսեց նրանց:

Հադրութցիները հիշեցրին, որ Հադրութը ֆրանսիական քույր քաղաքներ ունի: «Հադրութը երբեք չի համակերպվելու, որ լինի ադրբեջանական: Հադրութը պատմականորեն չի կարող լինել ադրբեջանական: Ձեր պետությունը վկայել է այդ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին և չի կարող Հադրութը թողնել նրանց բարբարոսությունների ներքո: Մենք ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,-ասաց հադրութի բնակիչ Մերի Դավթյանը:

Դեսպանն իր հերթին արձագանքեց՝ շատ ուրախ է նամակը ստանալու համար: «Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է: Մենք միշտ կբացենք դեսպանատունը, որ դուք միշտ արտահայտվեք, խոսեք, ներկայացրեք ձեր խնդիրները»,-ասաց նա:

Դեսպանը նշեց՝ գիտեն, որ Հադրութն այս կոնֆլիկտի արդյունքում ամենաշատ տուժած տարածքներից է, գիտեն նաև, որ Հադրութի ժողովուրդը ևս ամենատուժածներից է: Դեսպանի խոսքով՝ գիտեն, որ հայտարարության ստորագրության հետ կապված շատ հարցեր կան: «Մեր առաջնահերթությունն է աջակցել այն մարդկանց, որոնք այս կոնֆլիկտի արդյունքում տուժել են»,-ասաց Լաքոտն ու տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանում ներգրավված ՀԿ սեկտորի հետ՝ հասկանալու, թե որը կարող է լինել Ֆրանսիայի օգնությունը այդ հակամարտությունից տուժածներին:

Դեսպանը նաև հիշեցրեց Մակրոնի հայտարարությունն առ այն, որ ինչ էլ կատարվում է, հայերի շահերը պետք է պաշտպանվեն, հաշվի առնվեն:

Հադրութցիները շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան բանակցություններում կաջակցի՝ հատկապես Հադրութի հարցում:

Հադրութցի Մերի Դավթյանը, լրագրողների հետ զրույցում մանրամասնելով իրենց հավաքի նպատակը ու հատկապես Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքվելը, ասաց. «Հադրութը պետք է դեօկուպացնել ադրբեջանական ահաբեկչական երկրից: Հադրութը չի կարող լինել ոչ հայկական: Հայտնի խոսք կա՝ եթե Արցախը ոսկե մատանի է, ապա Հադրութը դրա ադամանդե ակն է: Հադրութցիները հավաքվել են ոչ թե իրենց բողոքը, այլ պահանջը ներկայացնելու»:

Նա հույս հայտնեց, որ բարեկամ Ֆրանսիան ինչ-որ կերպ կօգնի վերախմբագրել փաստաթուղթը՝ հատկապես Հադրութի մասով:

Լրագրողների հետ զրույցում դեսպանն էլ հիշեցրեց, որ Ֆրանսիան ուսումնասիրում է ձեռք բերված համաձայնությունը: Դեսպանի կարծիքով՝ դրա դրական կողմն այն է, որ զինադադար է, քաղաքացիական անձինք, զինվորներ չեն մահանում, տուժում, բայց այդ փաստաթուղթը շատ հարցեր է առաջացնում՝ այդ թվում տարածաշրջանի անվտանգության համար: Լաքոտը մեկ անգամ ևս շեշտեց Մակրոնի խոսքը՝ կպայքարեն Հայաստանի շահերի պաշտպանության համար:

Այսպիսով հադրութցիների ակցիան Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ավարտվեց, նրանք շարժվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի դեսպանատան դիմաց: