Մենք չպետք է տեր կանգնենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքին, սա վերջնական կարգավորում չէ․ Բրեդ Շերման

281

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով հրադադարի կնքմանը:

«Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ հաստատված զինադադարի պայմանները, որոնք վերջ դրեցին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած բռնություններն ընդդեմ Արցախի և Հայաստանի,  անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը ակնհայտ էր և հանգեցրեց աղետալի արդյունքների Հայաստանի ժողովրդի համար»,- գրել է կոնգրեսականը՝ հարցադրելով, թե ովքեր են ստորագրել համաձայնագիրը։

«Ո՞վ է կազմել զինադադարի մասին այս համաձայնագիրը.  Պուտինից և Էրդողանից բացի ոչ ոք: Սա ԱՄՆ ղեկավարության պակասի արդյունք է: Մենք չպետք է տեր կանգնենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքին: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում», – գրել է Բրեդ Շերմանը։

Նա նաև պետքարտուղարությանը և ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին կոչ է արել աշխատել՝ արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար։

«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»,- հավելել է նա։