Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն «Ազատության» երևանյան գրասենյակի և նրա երկու լրագրողների վրա հարձակումն ու պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ — Committee to Protect Journalists) միջազգային կազմակերպությունը:
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում մոտ չորս տասնյակ տղամարդ փորձել է ներխուժել «Ազատության» երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, քաշքշել ու հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Նրանք ասել են, թե եկել են «Ազատության» սերվերների հետևից, սպառնացել, որ «Ազատություն»-ը այլևս եթեր չի մտնելու:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նամակ է ուղարկել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն ՝ մեկնաբանություն խնդրելով, սակայն դեռ պատասխան չի ստացել:
«Ազատության» գրասենյակի վրա հարձակումը, հիշեցնենք, դատապարտել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությունը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, Ժուռնալիստների միությունը, լրագրողական տասնյակ հասարակական կազմակերպություններ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: